Մոզամբիկում հուղարկավորության ժամանակ 72 մարդ գարեջրային թունավորից մահացել է: 36 մարդ հիվանդանոցում է: Associated Press-ի փոխանցմամբ, ընդհանուր առմամբ, բուժօգնության է դիմել 150 հոգի:
Դեպքը տեղի է ունեցել դեռ հունվարի 11-ին, Տետե նահանգում: Այն ժամանակ հաղորդվում էր 56 զոհի մասին: Ոստիկանության տվյալներով, անհայտ անձինք խմիչքի մեջ կոկորդիլոսի լեղի են խառնել:
Ըստ Lenta-ի, դեպքից հետո գարեջրի տակառը, որում եփել են խմիչքը, կորել է՝ դժվարացնելով հետաքննությունը: Իրավապահ մարմինների ներկայացուցիչ Զեֆերինո Սանդեի խոսքով, ոստիկանությունը որեւէ փաստ չունի այն մասին, թե ով կարող էր կատարել այդ հանցագործությունը:
Իռլանդական Independent-ը նշում է, որ թունավորվել են միայն նրանք, ովքեր գարեջուր են խմել օրվա երկրորդ կեսին: Ոստիկանության կարծիքով, գարեջուրը թունավորել են այն ժամանակ, երբ արարողության մասնակիցները գերեզման են գնացել: Խմիչքը պատրաստող կինն ու նրա ընտանիքի անդամները նույնպես զոհվածների թվում են:


























