Բելառուսի նախագահն ուղերձ է հղել ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարներին՝ կապված հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում, Եվրասիական միջկառավարական խորհրդում եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդում այդ երկրի նախագահության հետ: Ալեքսանդր Լուկաշենկոն ուղերձում նախանշել է աշխատանքային հիմնական ուղղությունները:

ԲԵԼՏԱ-ի փոխանցմամբ, ուղերձում նշվում է, որ Բելառուսը «ԵՏՄ-ն դիտարկում է որպես կարեւորագույն ինտեգրացիոն միավորում, որը կնպաստի տարածաշրջանի տնտեսական եւ սոցիալական կայունությանը»: Բելառուսի ներկայացուցչությունն ուղղված է լինելու «բարիդրացիական հարաբերությունների հետագա ամրապնդմանը, տնտեսական համագործակցության զարգացմանը, միության չորս հիմնական տնտեսական ազատությունների՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատությունների առաջընթացին նպաստելուն»:

«Նախկինի պես կարծում ենք, որ Եվրասիական տնտեսական միության հիմքը պետք է դառնա ապրանքների առգրավման եւ տեղափոխման սահմանափակման լիարժեք վերացումը»,- ասված է ուղերձում:

Դրանում նաեւ մի շարք առաջարկություններ կան, որոնք վերաբերում են անցմանը դեպի միասնական արդյունաբերական եւ գյուղատնտեսական արդյունաբերության քաղաքականություն; միության շրջանակում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների մշակման եւ ընդունման արագացում; 2016 թվականի հունվարի 1-ից դեղագործական եւ բժշկական միջոցների միասնական շուկայի գործունեության մեկնարկի ապահովում: Բացի այդ, առաջարկվում է սկսել արտահանման զարգացման ուղղությամբ համատեղ գործողություններ նախատեսող պայմանագրի դրույթների՝ գործնականում իրականացմանը: