Մարսելի հայ համայնքը վրդովված է 16-ամյա հայ պատանու՝ Միշել Ասատուրյանի սպանության առիթով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Մարսելում Հայաստանի փոխհյուպատոս Սամվել Լալայանը: Նրա խոսքով, հունվարի 13-ի երեկոյան հայ համայնքային կազմակերպությունները քննարկելու են իրենց հետագա գործողությունները:
Լալայանի փոխանցմամբ, Միշել Ասատուրյանը Ֆրանսիայի քաղաքացի էր, նրա ծնողները՝ Հայաստանի քաղաքացիներ՝ Ֆրանսիայում 10 տարվա կեցության իրավունքով:
«Միջադեպը տեղի է ունեցել ֆիզկուլտուրայի դասի ժամանակ բռնկված վեճի ընթացքում: Իրավապահները հետաքննություն են սկսել, քրեական գործ է հարուցվել: Հանցագործը պատժվելու է Ֆրանսիայի օրենսդրությանը համապատասխան, օրենքի ամբողջ խստությամբ»,- ասաց փոխհյուպատոսը՝ հավելելով, որ ելնելով քննության շահերից՝ այլ տեղեկությունների հրապարակումն այս պահին նպատակահարմար չէ:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ հունվարի 12-ին Մարսելում լիցեյի 16-ամյա հայ աշակերտ է սպանվել: Դեպքը տեղի է ունեցել դասերից հետո: Ասատուրյանին լիցեյի մուտքի մոտ դանակահարել են մի աղջկա եղբայրները, որի հետ պատանին վեճ է ունեցել՝ նրա ընկերուհիներից մեկի պատճառով: Ֆրանսիայի ոստիկանությունը Մարսելի 11-րդ շրջանում ձերբակալել է Ասատուրյանի սպանության մեջ կասկածվող 17-ամյա մի պատանու:


























