Բելառուսում մտադիր են չաշխատող քաղաքացիների համար համար հարկ սահանել: Նման պատժամիջոցը նախատեսված է զբաղվածությունը խրախուսելու վերաբերյալ նախագահի հրամանագրի նախագծում: Հարկը ծրագրվում է գանձել աշխատունակ քաղաքացիներից, ովքեր պաշտոնապես ոչ մի տեղ չեն աշխատում, հարկերը չեն վճարում եւ, հետեւապես, չեն մասնակցում պետական ծախսերի ֆինասավորմանը:

Հարկի չափը կկազմի 20 բազային մեծություն (1 բազային մեծությունը կազմում է 180 հազար բելառուսական ռուբլի կամ մոտավորապես 12 դոլար): Եթե հրամանագիրն ընդունվի, ապա գործազուրկներն այն պետք է վճարեն տարեկան մեկ անգամ: Վճարումից խուսափելու համար նախատեսվում է վարչական պատասխանատվություն, հայտնում է «Ինտերֆաքս-Զապադը»:

Ինչպես նշել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, քաղաքացիների զբաղվածության խթանման հրամանագիրն ուղղված է նրանց դեմ, ովքեր բյուջեին հարկեր չեն վճարում: «Նրանք գուցե եւ ինչ-որ տեղ աշխատում են, սակայն ոչ պետության համար… Պորտաբույծները, ձրիակերները պետք է աշխատեն: Ով հարկ չի վճարում, պետք է վճարի: Դա նորմալ, քաղաքակիրթ կարգ է»,- հայտարարել է Լուկաշենկոն:

Հրամանագրի նախագիծը քննարկվել է հունվարի 13-ին: Քննարկումների արդյունքներով Լուկաշենկոն հանձնարարել է համպատասխան փաստաթուղթը մշակել մեկ ամսվա ընթացքում: