ՀՀ իշխանությունները 2015թ. էլեկտրաէներգիայի թանկացում չեն նախատեսում: Այս մասին հունվարի 14–ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Ըստ նրա՝ նման դիրքորոշում ունեն ՀՀ նախագահն ու կառավարությունը:

Դրան զուգահեռ, 2014 թ. օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը չի լուծել էներգետիկ ընկերությունների բոլոր խնդիրները, հավելել է նախարարը (հիշեցնենք, այն ժամանակ էլեկտրաէներգիան թանկացավ 10-15%-ով):

Իրավիճակն ավելի վատացավ դրամի արժեզրկմամբ: Ըստ նախարարության հաշվարկների՝ փոխարժեքի յուրաքանչյուր 10 դրամով նվազումը կորուստներն ավելացնում է 410 մլն դրամով: Իսկ նոյեմբերի վերջից  հայկական դրամը արժեզրկվեց արդեն 418,4 –ից մինչեւ 477,04 -ի՝ մեկ դոլարի դիմաց: Այնուամենայնիվ, 2015 թ. էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում չի նախատեսվում, հավելել է նախարարը: