Մարսելի Կամիլյա Ժուլյանի անվան լիցեյում նույն ուսումնական հաստատության աշակերտ Միքայել Ասատրյանի սպանությունից հետո սգո մթնոլորտ է տիրում: Ինչպես հայտնում է «Francetv info» կայքը, դասավանդողներն ու աշակերտները մեկ րոպե լռությամբ հարգել են աշակերտի հիշատակը:

Բոլոր ներկա գտնվողները ցնցված են միջադեպով: Միքայելին գնահատել են ոչ միայն նրա համադասարանցիները, այլ նաեւ ուսուցիչները: Բոլորը միայն պնդում են, որ երիտասարդը ոչ խնդրահարույց եւ կենսուրախ դեռահաս էր: Լիցեյի աշխատակիցները  հայտարարություն են տարածել, որտեղ, մասնավորապես, նշել են. «Մենք խորապես ցնցված ենք, զայրացած ու բարկացած այդ ողբերգությունից: 16,5 ամյա Միքայելին շատ ենք գնահատում: Նա հարգանքով էր վերաբերում ինչպես աշակերտներին, այնպես էլ ուսուցիչներին: Այս հանցագործության դաժանությունը աննախադեպ եւ անթույլատրելի է»:

«Nouvelles d'Arménie»-ի փոխանցմամբ՝ Մարսելի հայ առաքելական եկեղեցում հունվարի 13-ի երեկոյան հավաքվել են հարյուրավոր մարդիկ, որպեսզի հարգանքի տուրք մատուցեն երիտասարդին: Ներկա գտնվողները հետեւյալ բովանդակությամբ պաստառներ են պահել. «Երեկ մենք բոլորս «Charlie» էինք, իսկ այսօր երեկոյան բոլորս Միքայել ենք»:

Ֆրանսիական «20 Minutes» թերթը միջադեպի որոշ մանրամասներ է հրապարակել: Հաղորդվում է, որ հունվարի 12-ին բասկետբոլի խաղի ժամանակ Միքայելը վիճել է մի աղջկա հետ: Այնուհետեւ վեճին միացել է մեկ ուրիշ աղջիկ, վերջինս էլ սպառնացել է, որ «տղա հետ դեռ հաշվիներ կպարզեն»:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ հունվարի 12-ին Մարսելում լիցեյի 16-ամյա հայ աշակերտ է սպանվել: Դեպքը տեղի է ունեցել դասերից հետո: Ասատրյանին լիցեյի մուտքի մոտ դանակահարել են մի աղջկա եղբայրները, որի հետ պատանին վեճ է ունեցել՝ նրա ընկերուհիներից մեկի պատճառով: Ֆրանսիայի ոստիկանությունը Մարսելի 11-րդ շրջանում ձերբակալել է Ասատրյանի սպանության մեջ կասկածվող 17-ամյա մի պատանու:

Նշենք, որ Միշել Ասատրյանը Ֆրանսիայի քաղաքացի է, նրա ծնողները Հայաստանի քաղաքացիներ են: