Ռուսական «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը նախազգուշացրել է, որ եվրոպական երկրներն ընդամենը մի քանի տարի ունեն ռուսական գազը Թուրքիայի եւ Հունաստանի սահմանին ստանալու նպատակով նոր գազատար կառուցելու համար:
«Հակառակ դեպքում գազի այդ ծավալները կարող են հայտնվել այլ շուկաներում»,-հայտարարել է Միլլերն, այսօր՝ հունվարի 14-ին, Եվրահանձնաժողովի Էներգետիկ միության հարցերով փոխնախագահ Մարոշ Շեւչովիչի հետ հանդիպման ժամանակ:
«Հարավային Հոսք» նախագծի մասին հարցին «Գազպրոմի» ղեկավարը պատասխանել է, որ այդ նախագիծը փակված է, հետեւաբար միակ երթուղին, որով գազը հասնում է Եվրոպա, որն անցնում է Ուկրաինայով, դառնում է «Թուրքական հոսքը» եւ եվրոպացի գնորդները տեղեկացված են գազի մատակարարումների երթուղու փոփոխություններին պատրաստվելու անհրաժեշտության մասին:
«Նրանք դրա համար ունեն առավելագույնը մի քանի տարի: Սա շատ խիստ գրաֆիկ է: Այդ ժամկետներում տեղավորվելու համար ԵՄ երկրներում նոր գազատար կառուցելը պետք է սկսել այսօր»,-ասել է Միլլերը:
Նա նշել է, որ չի բացառվում, որ այս ձմեռ կրկնվեն միջադեպերը, երբ եվրոպացի սպառողները ռուսական գազն ստանում էին ոչ ամբողջական ծավալով, քանի որ Ուկրաինան չնախատեսված կարգով գազ էր վերցնում սեփական կարիքների համար:



























