Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, այսօր՝ հունվարի 15-ին, նշում է ս. Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնը, որի առթիվ այսօր Արարատյան հայրապետական թեմի Երեւանի ս. Հովհաննես եկեղեցում կմատուցվի պատարագ:

Ս. Հովհաննես Մկրտչի ծնունդը մանրամասն նկարագրված է Ղուկասի Ավետարանում (Ղուկ. 1:5-25): Տաճարում խնկարկության ժամանակ ս. Հովհաննեսի հորը` Զաքարիա քահանային, հայտնվում է Տիրոջ հրեշտակը եւ ավետում նրա որդու ծննդյան մասին: Սակայն ծեր Զաքարիան թերահավատությամբ է ընդունում բարի լուրը, թե ինչպես կարող են ծերության օրերին զավակ ունենալ: Կասկածամտության համար նա պատժվում է՝ մինչեւ իր որդու ծնունդը դառնալով համր:

Ս. Հովհաննեսը, ով պիտի մկրտեր համայն մարդկության Փրկչին, ճանաչել եւ Հիսուսի աշխարհ գալստի համար ցնծացել է դեռեւս Նրա Ծննդից առաջ:

Ավետարանիչը վկայում է, որ Ավետումից հետո ս. Մարիամ Աստվածածինն այցելում է Եղիսաբեթին` Ս. Հովհաննեսի մորը: Վերջինս բացականչում է. «Որտեղի՞ց ինձ այս ուրախությունը, որ իմ Տիրոջ մայրը ինձ մոտ գա, որովհետեւ ահավասիկ, երբ քո ողջույնի ձայնը հասավ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում» (Ղուկ. 1:43-44):

Եղիսաբեթի խոսքի շարունակությունն այս տոնի պատգամն է համայն քրիստոնյաներին. «Եվ երանի նրան, որ կհավատա, թե Տիրոջ կողմից իրեն ասվածները կկատարվեն»: