1999 թվականին եւս ռուսական ռազմակայանի զինծառայողների կողմից նմանատիպ հանցագործություն էր կատարվել Գյումրիում, սակայն այն ժամանակ տվյալ անձինք հայտնաբերվել եւ ձերբակալվել էին ՀՀ իրավապահների կողմից, այդ պատճառով էլ անցել էր ՀՀ իրավապահների իրավազորության տակ: Այս մասին Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, Գյումրիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը՝ պատասխանելով հարցին, թե այդ ինչպես է պատահել, որ 1999 թվականին Գյումրիում սպանություն գործած ռուս զինծառայողը դատապարտվեց հայ իրավապահների կողմից, իսկ հունվարի 12-ին տեղի ունեցած ոճրագործության դեպքում ռուս զինծառայողը գտնվում է ռուսական կողմի մոտ:
Գեւորգ Կոստանյանը նշեց, որ 1999 թվականին մենք ունեինք նույն պայմանագիրը՝ նույն կարգավորումներով, սակայն այն ժամանակ կասկածյալին հայտնաբերել էին հայ իրավապահները:
Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության մեջ մեղադրվում է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ:
Հայաստանի գլխավոր դատախազությունը տարածել է հաղորդագրություն, որ ՀՀ եւ ՌԴ գլխավոր դատախազությունները քննարկել են Գյումրիում նախօրեին տեղի ունեցած սպանության գործի մանրամասները: «Երկուստեք ընդգծվել է, որ տեղի ունեցած ողբերգության բոլոր մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Հանցագործության կատարման մեջ կասկածվող Վալերի Պավելի Պերմյակովը ՌԴ քաղաքացի է, եւ գտնվում է ՌԴ իրավապահների հսկողության՝ նույնն է՝ ՌԴ իրավազորության ներքո: Հետեւաբար Վ. Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում, նկատի ունենալով ՌԴ սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված արգելքը՝ համաձայն որի, ՌԴ քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետության»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ 1999 թվականին ռուսական ռազմաբազայի զինվորականներ Դենիս Պոպովն ու Ալեքսանդր Կամենեւը նույն Գյումրիում զենքով լքել էին զորամասն ու կրակ բացել պատահական անցորդների վրա, որի արդյունքում մահացել էր 2, վիրավորվել 10 մարդ: Այն ժամանակ ռուս զինծառայողներին ձերբակալել էին հայ իրավապահները եւ նրանք դատվել էին Շիրակի մարզի դատարանում (դատավոր Էդվարդ Մանուկյան):


























