ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովն իրավաբան չէ եւ չի կարող տալ իրավական գնահատական։ Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը՝ արձագանքելով լրագրողի հարցին, թե Խաչատուրովը եւ այլ պաշտոնյաներ հունվարի 12-ի դեպքերի վերաբերյալ շտապեցին հայտարարել, որ Վալերի Պերմյակովն անպայման դատվելու է Հայաստանում՝ ՀՀ օրենքներով, եւ դրանով անտեղի կրքեր բորբոքեցին հասարակությունում։
«Դա իր կարծիքն է, Խաչատուրովը, եւ բոլոր մյուս պաշտոնյաները, որոնք իրավաբան չեն, չեն կարող իրավական գնահատական տալ, այլ կարող են որպես քաղաքացի իրենց մտահոգությունը կարող է հայտնել»,- ասաց Կոստանյանը։
Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը այս դեպքի առնչությամբ նշել է, որ նախ տվյալ անձը կատարել է զինվորական հանցագործություն (դասալքություն), ապա նոր սպանություններ գործել Գյումրիում, որը զինվորական հանցագործություն չէ: Նրա խոսքով՝ առաջին դեպքում գործը ՌԴ իրավազորության ներքո է, ըստ ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին համաձայնագրի 5-րդ հոդվածի: Իսկ երկրորդ հանցագործության մասով իրավազորությունը պատկանում է Հայաստանին:
Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության մեջ մեղադրվում է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ: Որոշվել է, որ գործը քննելու է ռուսական կողմը:




























