Գյումրիում ընտանիքի վեց անդամներին սպանելու համար մեղադրվող Վալերի Պերմյակովին այսօր՝ հունվարի 15-ին մեղադրանք կառաջադրվի ՀՀ-ում հարուցված քրեական գործի շրջանակում եւ նրան այսօր կհարցաքննեն հայ քննիչները։ Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, լրագրողներին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը՝ նշելով, որ մինչեւ հիմա ռուսական ռազմաբազայում պահվող Պերմյակովին հայկական կողմը չի հարցաքննել։
Ըստ Կոստանյանի, այսօր նաեւ հայկական կողմը կորոշի Պերմյակովի խափանման միջոցի հարցը։
Կոստանյանը նաեւ նշեց, որ քրեական գործին առնչվող բոլոր առարկաները, մասնավորապես՝ Ավետիսյանների տանը թողած նրա զենքն ու հագուստը, գտնվում են Հայաստանի իրավապահների լիազորության ներքո, որոնք էլ անցկացնելու են դրանց փորձաքննությունը։
Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության մեջ մեղադրվում է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ: Նա գտնվում է ռուսական ռազմակայանում:




























