Եւս 2-3 օր 6-ամյա Սերյոժա Ավետիսյանը միացված կլինի արհեստական շնչառության ապարատին: Այդ մասին այսօր՝ հունվարի 15-ին, կառավարության նիստի ընթացքում հայտարարել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նախարարը հիշեցրել է, որ երեխային վիրահատել են ընտանիքի անդամներին սպանված հայտնաբերվելուց միայն 3 ժամ անց: Երեխային բազմաթիվ ծակող եւ կտրող վերքեր են հասցվել, որոնցից մեկը մխրճվել է որովայնի խոռոչ: Այժմ նա գտնվում է Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում:

Բժիշկների ուշադրության կենտրոնում է գլխուղեղի վնասված հատվածի վիճակը: Երեխային սկսել են զոնդով կերակրել: Այժմ նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:

 «Ամեն օր առաջատար մասնագետները երեխայի վիճակի շուրջ քննարկումներ են անցկացնում: Վերջին տվյալներով՝ աննշան դրական տեղաշարժ է արձանագրվել: Մոտակա 2-3 օրերին փոքրիկը դեռեւս միացված կլինի արհեստական շնչառության ապարատին», - հավելել է նախարարը: