Ավետիսյանների ընտանիքի գործը պետք է հետաքննվի Հայաստանում: Այս մասին հունվարի 15-ին կառավարության նիստից հետո հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

Ըստ Հայաստանում ռուսական ռազմաբազայի մասին միջպետական համաձայնագրի  եւ երկրի օրենսդրության՝ գործի իրավազորությունը պատկանում է հայկական կողմին, հավելել է Անդրեասյանը: «Այդ պատճառով ակնկալում ենք, որ, ինչպես երեկ խոստացավ ՀՀ դատախազը, քննությունը եւ գործի հետագա ընթացքը կանցկացվի երկրում, եւ կասկածյալը պատասխանատվության կենթարկվի մեր իրավապահ մարմինների կողմից՝ ըստ հանրապետության օրենքների», - հավելել է օմբուդսմենը:

Այս պահին, ըստ նրա, մեղադրյալը Հայաստանի տարածքում է, նրա արտահանձնման մասին խոսք չկա, խոսքը միայն հանձնելու մասին է: «Կարծում եմ՝ ՀՀ գլխավոր դատախազությունը գրավոր կպահանջի հանձնումը, իսկ մնացած գործընթացները կանցնեն այնպես, ինչպես ակնկալում է  մեր հանրությունը: Եթե հանրության մտահոգությունը ժամանակին չցրվի, դա կարելի կլինի համարել մարդու իրավունքների խախտում:  Այդ ժամանակ մենք հանդես կգանք պաշտոնական գնահատականով», - ասել է Անդրեասյանը: