Գյումրիում եւ Երեւանում երեկ տեղի ունեցած բողոքի ակցիաները արձագանքն են այն ամենի, ինչ եղել է, իսկ դրա պատճառներն ու գործընթացները լրիվ այլ են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նա չի կարծում, թե տեղի ունեցած հանրահավաքները ազդեն հայ-ռուսական հարաբերությունների վրա: «Բայց այն, որ հանրային մեծ դժգոհություն կա, ակնհայտ է, եւ դրա հիմնական պատճառը ՀՀ իշխանություններն են, որոնք չունենալով լեգիտիմություն, կառչած լինելով իրենց իշխանությունից, դարձել են ռուսական իշխանությունների կամակատարը եւ չեն կարողանում ՀՀ-ն արժանապատիվ ներկայացնել միջպետական հարաբերություններում»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը: «Ժառանգության» անդամը ցավում է, որ ՀՀ տարածքում կատարված ծանր հանցագործությունը հայ իրավապահները չեն կարողանում քննել: Նա շեշտեց, որ պետք է հաշվի առնել, որ առավել ծանր հանցագործություն է եղել ՀՀ տարածքում, ուստի ամբողջ գործընթացը մեր իրավապհները պետք է քննեին, իսկ ռուսները ընդամենը երկու դրվագով՝ պոստը լքելը եւ զենքով զորամասից դուրս գալը, իրենց մասնակցությունը ունենային:

Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ ռուս զինվորական Վալերի Պերմյակի ոճրագործության եւ սահմանին մոտենալու մասը ՀՀ տարածքն է հետեւաբար՝ նա պետք է լինի ՀՀ իիրավասության ներքո, բայց մեր իշխանությունների թույլ լինելու պատճառով  ներկայումս մեր իրավապահ մարմինները ընդամենը մասնակցություն են ունենում, ոչ թե իրենք են քննություն անցկացնում: «Այս իրադարձությունը մի շարք խորքային պատճառներ  վեր հանեց, մասնավորապես, թե ինչպես է կոմպլեկտավորվում ռազմաբազան, արդյոք այդ անձինք նախօրոք անցել են ծառայություն, թե ոչ, հոգեբանական թեստեր, համապատասխան հետազոտություններ անցկացվել են, թե ոչ»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը: Նա ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ՌԴ-ում հեշտ են խուսափում ծառայությունից, այդ պատճառով էլ այնտեղ բանակը համալրվում է կրիմինալ, թմրամոլ, հարբեցող, հոգեկան շեղումներ ունեցող անձանցով:

Սա ռազմաբազայի հետ կապված միակ խնդիրը չէ: Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ անհրաժեշտություն կա լրացնելու ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ կնքված ռազմաբազայի մասին պայմանագիրը, օրինակ՝ պետք է ռազմաբազան ավտոնոմ լինի, առանց համապատասխան մուտքերի որեւէ մեկը չկարողանա գա եւ դուրս գա: Նա հիշեց 15 տարի առաջ տեղի ունեցած դեպքը՝ հավելելով, որ մինչեւ այժմ չգիտենք, թե ինչ պատիժների են արժանացել այդ անձինք, ինչ կարգավիճակում են նրանք:

Նա նշեց, որ այս դեպքը արտացոլանքն է այն հարաբերությունների, որ կա ՀՀ եւ ՌԴ-ի միջեւ, դրանք գործընկերայինից վերաճել են վասալայինի եւ ռուսական կողմը ուղիղ ճնշումներ է կիրառում: «Ժառանգության» անդամը նշեց, որ ոչ ռազմաբազայից դուրս ենք կարողանում մեր լիազորությունները իրակացել, ոչ էլ ռազմաբազայաում ենք կարողանում այնպիս իրավապայմանագրային հարաբերություններ ստեղծել, որ նման խնդիրներ չլինեն: «Այստեղ խոսքը հակառուսականության մասին չէ, այլ Հայաստանի արժանապատիվ կեցվածքի, նորմալ իշխանություն ունենալու մասին է խոսքը, որը կկարողանա ՀՀ քաղաքացիների շահերը պաշտպանել»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ խնդրի լուծման միակ տարբերակը լեգիտիմ իշխանություն ձեւավորելն է, ով կարողանա պաշտպանել ՀՀ քաղաքացիների շահերը:

Նա տեղի ունեցածի վերաբերյալ մի շարք հարցրեր է բարձրացնում, նախ՝ ինչու եւ ինչպես է Պերմյակովը հասել սահմանը, քանի որ նա չէր կարող աննկատ անցնել, լուրեր կան, որ հենց առաջին օրն են բռնել: Արմեն Մարտիրոսյանը շեշտեց, որ ակնհայտ է, որ մեր իշխանությունները թույլ են եղել, ճնշումներին տեղիք են տվել եւ ոճրագործին հանձնել են ռուսական կողմին: «Ցանկացած պարագայում իրավապահ համակարգի աշխատանքի խնդիր կա: Ուժային կառույցները հետեւում են քաղաքական ուժերի գործունեությանը, հրաշալի միտինգ են ցրում, բայց այսպիսի հանցագործության ոճրագործին հետեւելու հարցում մեծ թերացում են ունեցել, երբ արտաքին տեսքն էլ հնարավոր չէ շփոթեցնել ՀՀ-ում բնակվող ռուսի հետ»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը: