Հայաստանի պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք իրենց վարքով շարունակում են ապացուցել սեփական ժողովրդին, որ ընդամենը ապազգային, կամազուրկ եւ ապիկար նոր-գաղութային վարչակազմ են: Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած սպանդին հաջորդած իրադարձություններն այսպես է մեկնաբանել Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը:
Հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Մի ամբողջ ընտանիքի երեք սերունդ սեփական տան մեջ սպանդի է ենթարկվել: Ընտանիքի միակ ուղիղ ժառանգորդ է մնացել կյանքի ու մահվան սահմանագծում գտնվող մանկահասակ երեխան: Այդ հիմքով ամբողջ ազգը խնամակալության իրավունք է ձեռք բերել նրա նկատմամբ եւ հարազատի նման ընդունել ու կրում է նրա եւ նրա ընտանիքի ցավն ու կորուստը: Մինչդեռ գործող ռեժիմը, անտեսելով մեր ժողովրդի զգացմունքներն ու իրավունքները, եւ, վախենալով իր օտար տիրոջից, անգամ սուգ չի հայտարարել երկրում: Ավելին, սգացող ժովոդրդի նկատմամբ Գյումրիում եւ Երեւանում իրականացված երեկվա զանգվածային բռնությունները վկայում են իրավապահ համակարգի՝ սեփական ժողովրդից ունեցած խորքային օտարացումը եւ բացահայտում նրա ոչ յուրային, այլ նոր-գաղութային էությունը:
Ի տարբերություն վարչակազմի, մեր ժողովուրդը հերթական անգամ հերքում է իր անկամության մասին տարածվող հերյուրանքները, ցացաբերելով ազգային եւ մարդկային բարձր արժանապատվություն, ինչպես նաեւ իր ինքնիշխանության համար պայքարելու կամք ու վճռականություն՝ պահանջելով կասկածյալին հանձնել հայկական կողմին:
Կոչ ենք անում հաստատակամ շարունակել դիմադրության ինքնակազմակերպումը եւ պայքարը»:
Նշենք, որ հունվարի 15-ին Երեւանում եւ Գյումրիում ցույցեր են կազմակերպվել: Մարդիկ պահանջել են Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության մեղավորին՝ ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին հանձնել Հայաստանի իրավապահներին: Երեկոյան արդեն երկու քաղաքներում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:
Նույն օրը ձերբակալվել, ապա կալանավորվել է ռուս զինծառայող Վալերի Պավելի Պերմյակովը: Նրան մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասերով (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:


























