Կառավարության աշխատակից, վաշխառության մեջ մեղադրվող Նունե Պլուզյանն աշխատանքից ազատվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը։

«Նունե Պլուզյանը աշխատանքից ազատվել է հաստիքի կրճատման պատճառով, ինչը կառավարության աշխատակազմի տարբեր ստորաբաժանումներում պարբերաբար տեղի է ունենում»,-ասաց նա։

Սիրանույշ Չփլախյանը, որը պնդում է, որ Նունե Պլուզյանը զբաղվում է վաշխառությամբ եւ խաբեությամբ փորձում է իր տունը խլել իրենից,  NEWS.am-ի հետ հետ զրույցում ասաց, որ ինքը չէր ցանկանում, որ Նունեին աշխատանքից ազատեին. «Ես միայն ուզում էի, որ իմ հարցը լուծում ստանա»։

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ըստ Սիրանույշ Չփլախյանի՝ 2011թ. ինքը «տոկոսով»  գումար է վերցրել Նունե Պլուզյանից, տունը առուվաճառքի պայմանագրով ձեւակերպել Նունե Պլուզյանի մորեղբոր տղայի՝ Հրայր Բաբայանի անվամբ՝ պայմանավորվելով, որ գումարը վերադարձնելոց հետո Նունե Պլուզյանը տունը պետք է ձեւակերպի իրենց անվամբ, սակայն այժմ Նունեն հրաժարվում է տունը վերադարձնել նույնիսկ 40 000 դոլար վճարելու պայմանով, եւ ստիպում է իրենց լքել տունը։ Նունե Պլուզյանը հերքում է այս մեղադրանքը՝ վստահեցնելով, որ տունը գնել է իր մորեղբոր տղան, իսկ ինքը «տոկոսով» գումար չի տվել։