Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը անձամբ է զենքը հանձնել ոստիկաններին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա: Կարո Եղնուկյանը պատմեց, թե երեկ ինչ էր տեղի ունենում Ազատության հրապարակում, երբ իրեն եւ հավաքի մի շարք անձանց բերման ենթարկեցին:

Նա պատմեց, որ երեկ Ազատության հրապարակում հավաքվելուց կես ժամ առաջ ոստիկանությունը արդեն տեղում էր եւ երբ իրենք հավաքվեցին, սկսեցին բերման ենթարկել: Կարո Եղնուկյանը վստահեցնում է, որ իրենք որեւէ անօրինական գործողություն չեն արել, ընդամենը համակարգչով ուղիղ եթերում հետեւում էին Գյումրիի դեպքերին, երբ հանկարծ ձայներ լսեցին ու տեսան, թե ինչպես 4-5 ոստիկաններ փորձում են բաժին տանել  5-6 երիտասարդի, ովքեր ձեռքներին ունեին ՀՀ դրոշը: «Այդ ժամանակ բոլորս վազեցինք այդ կողմ, ես էլ մոտեցա, որ տեսնեմ՝ ինչ է կատարվում, Կարեն Մովսիսյանը ինձ ասաց, թե դուք եկել եք Հայաստանը քանդեք, ես էլ ասացի՝ ամոթ քեզ, դուք սրիկա եք, դրանից վրդովվեց եւ ասաց, որ սրան էլ տարեք, ես էլ հանգիստ նստեցի մեքենան ու գնացի: Ոստիկանական մեքենայում մի քանի անգամ ասացի,որ իմ մոտ կա գազային ատրճանակ, բայց նրանք ուշադրություն չդարձրին»,-պատմեց Կարո Եղնուկյանը:

Հիմնադիր խորհրդարանի անդամի խոսքով, այն դեպքից հետո, երբ Սամվել Ալեքսանյանի հրահանգով ոտնձգություն կատարվեց իր եւ իր գույքի նկատմամբ, ոստիկանությունը հրաժարվեց ապահովել Եղնուկյանների ընտանիքի անվտանգությունը, ինքը դիմեց զենք կրելու իրավունք ստանալու համար: Կարո Եղնուկյանն ասաց, որ եթե ինքը իմանար, որ ձերբակալվելու է, զենք չէր կրի, քանի որ գիտի, որ ոստիկանությունում զենք չի կարելի կրել: Արդեն ոստիկանական շենք մտնելուց առաջ նորից է զգուշացնում, որ իր մոտ զենք կա, սակայն ոստիկանները ասում են, որ այդ մասին գիտեն, խնդիր չկա:

Կարո Եղնուկյանը պատմեց, որ տեսնելով, որ ոչ մեկ իր զենքը չի վերցնում, չի գրանցում, անձամբ է հանում եւ դնում քննիչի սեղանին, այժմ էլ զենքը գտնվում է ոստիկանությունում, որտեղ պետք է պարզեն, թե ինչ ատրճանակ է այն, երբ վրան գրված է համարը եւ ակնհայտ է, որ այն գազային է: Հիմնադիր խորհրդարանի անդամն ասաց, որ այժմ ոստիկանությունը այս դրվագը փորձում է օգտագործել եւ ասել, որ օպերացիա են իրականացրել, մինչդեռ ոստիկանությունն ինքն է անօրինական գործողություն արել եւ խոչընդոտել խաղաղ հավաքը:

Նշենք, որ Երեւանում երեկ՝ հունվարի 15-ի երեկոյան, Ազատության հրապարակից եւ հարակից տարածքից ոստիկանական բաժիններ է տարվել 38 հոգի: Ոստիկանությունից հայտնեցին, որ Երեւանում գտնվող ՌԴ դեսապանատան մոտից բերման ենթարկված 3 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման մասին արձանագրություն: Իսկ երեկոյան բերման ենթարկվածներից միայն մեկի նկատմամբ է կազմվել վարչական իրավախախտման մասին արձանագրություն, երկու անձի մոտ՝ Կարո Եղնուկյան եւ Գագիկ Սարուխանյան, հայտնաբերվել է ատրճանակ, կատարվում է հետաքննություն: Երեկոյան բերման ենթարկված մյուս անձինք բաց են թողնվել

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:

Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվեց նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:

ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է  ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:

Գյումրիում դատախազության մոտ ակցիայից հետո ցուցարարներն ուղեւորվել էին հյուպատոսարանի շենքի մոտ, որտեղ բախումներ էին եղել, ոստիկանները լուսածխային նռնակներ են կիրառել՝ բազմությանը ցրելու համար: Մարմնական վնասվածքներ էին ստացել 15 մարդ, որոնցից  6-ը ոստիկաններ եւ 9 քաղաքացիներ: