Գյումրիում հունվարի 15-ին երեկոյան Շիրակի մարզային դատախազության մոտ հավաքվել է «փոքր ամբոխ»: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, որն այս օրերին ԱՄՆ-ում էր գտնվում եւ միայն երեկ երեկոյան է վերադարձել Հայաստան:

«Ինքնաթիռից իջել եմ եւ միանգամից եկել եմ դատախազության մոտ, որտեղ հավաքվել էր փոքր ամբոխ, խումբ, հանդիպում եմ ունեցել գլխավոր դատախազի հետ, ինքն էլ ասել է, որ տղամարդավարի խոսք է տալիս, որ անպայման դիմելու է ՌԴ գլխավոր դատախազին»,- ասաց Սամվել Բալասանյանը:

Նրա խոսքով՝ ինքն ամեն ինչ արել է, որ երեկ ժամը 17:00-ին լինի Գյումրիում, հանդիպի հավաքվածների հետ, սակայն չի հասցրել. «Չեմ հասկանում, թե ինչու մի մասսա առանձնացավ հավաքվածներից եւ գնաց հյուպատոսարան, եւ եղավ այսպիսի դեպք: Ինքս գիշերը գնացել եմ հիվանդանոց, հանդիպել վիրավորների հետ: Ես իմ Գյումրիի հետ եմ»:

Լրագրողների հարցին, թե այդ դեպքում հունվարի 12-ի սպանդից հետո ինչու քաղաքապետը Գյումրիում չէր, իր համաքաղաքացիների կողքին, Բալասանյանը պատասխանեց. «Իմ այցի հետ կապված տարբեր մեկնաբանություններ եղան: Գիտեք, որ արձակուրդ ամռանը չեմ գնում, իմ արձակուրդը միշտ գնում եմ հունվարին: ԱՄՆ էլ անձամբ իմ գումարով եմ գնացել, պաշտոնական այց չենք ձեւակերպել, որ գումար չվերցնենք բյուջեից: Հենց այդ պատճառով էլ արձակուրդ ենք ձեւակերպել»:

Նշենք, որ այս օրերին Գյումրիի քաղաքապետը ցավակցական ուղերձ է հղել: Ըստ տարածված տեղեկությունների՝ Սամվել Բալասանյանն արձակուրդի մեջ էր:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:

Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:

ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է  ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում: