Գյումրիի քաղաքապետարանն իրավասություն չուներ քաղաքում սգո օր հայտարարելու: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
«Ճիշտն ասած, մտածեցինք, բայց սգո օր հայտարարելու իրավասություն չունենք: Մենք որեւէ մեկին այս հարցով չենք դիմել, բայց ցանկացել ենք, որ անպայման սգո օր լինի, բայց մենք նման որոշում կայացնելու իրավասություն չենք ունեցել: Դա պետք է որոշեր Ազգային ժողովի կամ կառավարության կողմից»,- ասաց քաղաքապետը:
Սամվել Բալասանյանը հայտնեց, որ իր տեղեկություններով՝ ինչ-որ մարդիկ դիմել են երկրի նախագահին այս հարցով, սակայն արդյունքների մասին ոչինչ չգիտի:
Նշենք, որ Սամվել Բալասանյանն այս օրերին Հայաստանում չէր գտնվում, նա մեկնել էր ԱՄՆ եւ միայն երեկ ուշ երեկոյան է վերադարձել Գյումրի:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:
Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:
ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:



























