Ապահովագրական ընկերությունը գումար չի  տրամադրել դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարից տուժած Տաթեւիկ Հակոբյանի հետագա բուժման ծախսերը հոգալու համար։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստի ժամանակ ասաց տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը՝ ներկայացնելով «Ռոսգոստրախ Արմենիա» ապահաովագրական ընկերությանը ներկայացրած իր հարցման պատասխանը։

«Ռոսգոստրախ»-ի կողմից տրամադրվել է որոշակի գումար բժշկական կենտրոններին սկզբնական շրջանում Տաթեւիկի բուժման ծախսերը հոգալու համար, սակայն հետագա բուժման համար որեւէ գումար չի տրամադրվել»,-ասաց նա՝ նշելով, որ ապահովագրական ընկերությունը պարտավոր էր տրամադրել այդ գումարը։

Բալոյանը դատարանում նշեց, որ ապահովագրական ընկերությունն իր կատարած հարցման համաձայն Արթուր  Հակոբյանին որպես վնասված մեքենայի փոխհատուցում նրան փոխանցել է 3 մլն 55 հազար դրամ։

Վարդան Պետրոսյանի փաստաբանը դատարանից ընդմիջում խնդրեց ապահաովագրական ընկերության տրամադրած պատասխանին ծանոթանալու համար։

Դատարանը 15 րոպե ընդմիջում հայտարարեց։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ Էդվարդ եւ Էդգար Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ։