Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած սպանդից հետո Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը ռուսական 102-րդ ռազմաբազան հանելու կարիք չի տեսնում: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, լրագրողների հետ զրույցում քաղաքապետն ընդգծեց, որ հանցագործը դավանանք, ազգություն չունի, եւ պետք չէ սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում:

«Ռուսները շատ երկար տարիներ են այստեղ: Որպես քաղաքապետ՝ հարցի վերանայման կարիք չեմ տեսնում: Պետք չէ ասել՝ ռուս է, հայ է, ասենք՝ ռուսի փոխարեն վրացի է եղել, կամ մեկ այլ ազգ, ռուս-հայկական հարաբերություններ պետք չէ դնել այս սեղանի վրա: Հանցագործություն է կատարվել, պետք չէ մեկ-երկու դեպքի համար սեպ խրել մեր հարաբերությունների մեջ»,- ասաց Սամվել Բալասանյանը:

Նրա խոսքով՝ իր եւ գյումրեցիների պահանջը մեկն է՝ հանցագործը մնա Հայաստանում եւ պատժվի մեր դատարանի կողմից. «Մեր պահանջն է, որ պատժվի մինչեւ վերջ, այս ամենը լինի թափանցիկ, որ բոլորիս համար պարզ լինի: Մեր պահանջը սա է: Այս դեպքը պետք է խստորեն դատապարտել»:

Լրագրողների հարցին, թե ինչքանով է հրամանատարական կազմը մեղավոր կատարվածի մեջ, Սամվել Բալասանյանը պատասխանեց. «Հրամանատարական կազմն էլ բնականաբար ունի իր մեղավորության բաժինը, հիմա քննչական գործողություններ են կատարվում

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:

Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:

ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է  ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում: