Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, «ԳԱՄՄԱ» գործարանի տնօրեն Տիգրան Կարապետյանը մորը՝ Գորիսի թիվ 3 դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Արեւիկ Սաֆարյանին աշխատանքից անօրինական ազատելու համար գրավոր դիմել է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում գործարարը պնդեց, որ մորն աշխատանքից ազատելու հրահանգ տվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

«Դեռ օրեր առաջ դպրոցի տնօրենը մայրիկիս ասել էր, որ մարզպետը հրահանգել է ազատել աշխատանքից, այնուհետեւ ավելացրել է, որ Սյունիքի մարզպետարանի կրթության վարչության պետն է հանձնարարական տվել: Վարչության պետն էլ հերքում է, որ ինքը նման բան է ասել: Նա հասկանում է, որ պաշտոնական դիրքի չարաշահում է եւ աղմուկ բարձրանալու պարագայում պատասխան պետք է տա»,- ասաց Տիգրան Կարապետյանը:

Նրա խոսքով՝ բոլոր նրանք, որոնք որեւէ կերպ առնչություն ունեն իր հետ, աշխատանքից ազատվում են՝ առանց հիմնավորումների. «Շուտով նախատեսում ենք հանդես գալ որեւէ նախաձեռնությամբ, որպեսզի պաշտպանենք աշխատանքից ազատված մարդկանց իրավունքները: Այս իրավիճակն այսպես թողնել չի կարելի, քանի որ աշխատանքից ազատվողների թիվը մեծանում է, բայց ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում»:

Նշենք, որ ըստ տարածված տեղեկությունների՝ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի մտերիմ ընկեր Տիգրան Կարապետյանը լարված հարաբերություններ ունի Սուրիկ Խաչատրյանի հետ: Վերջինիս նշանակումից անմիջապես հետո գործարարը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել էր, որ դադարեցնում է ներդրումները Գորիսում: