Մեծ Բրիտանիայի քաղաքացի Լանսելոթ Ուիլյամ Թվեյթսը  Sotheby's-ի դեմ հայց է ներկայացրել Լոնդոնի դատարան: Նա աճուրդային տան փորձագետներին մեղադրել է մասնագիտական անփութության մեջ: Թվեյթսը հայտարարել է, որ վերջիններս չեն կարողացել տարբերել 16-րդ դարի իտալացի նկարչի աշխատանքները իր հետեւորդների աշխատանքից:

2006թ. Թվեյթսը Sotheby's-ին խնդրել է գնահատել իր սեփականության տակ գտնվող «Խաբեբաներ» կտավը, որտեղ պատկերված են թղթախաղի սեղանի շուրջ նստած երեք տղամարդիկ: Աճուրդային տան փորձագետները եկել են այն եզրահանգման, որ աշխատանքը պատկանում է Կարավաջոյի հետեւորդներից մեկին եւ հանդիսանում է օրիգինալի կրկնօրինակ, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Կտավը աճուրդում վաճառել են 42 հազար ֆունտ ստելինգով: Որոշ ժամանակ անց նկարի տերը հայտարարել է, որ այն Կարավաջոյի ստեղծագործությունն է եւ արժե առնվազն 10 մլն ֆունտ ստերլինգ:

2014թ. հոկտեմբերին Թվեյթսը Sotheby's-աճուրդային տանը դատի է տվել եւ կտավը էժան գնով վաճառելու համար փոխհատուցում պահանջել:

Դատարանը վճռել է, որ Sotheby's-ի փորձագետները բոլոր հիմքերն ունեին ենթադրելու, որ գործ են ունեցել Կարավաջոյի հետեւորդների, այլ ոչ հենց վարպետի գործի հետ: Թվեյթսը աճուրդային տանը պետք է վճարի դատական ծախսերը: