AsiaInspection ընկերությունը, որը ստուգումներ է անցկացնում չինական ձեռնարկություններում, հետազոտության արդյունքներ է հրապարակել, որոնց հիմքում սննդի արդյունաբերության մի շարք ձեռնարկություններից ստացված տվյալներ են ներկայացված: Դրանք ցնցող են. արտադրանքի 48%-ը չի համապատասխանում սանիտարական նորմերին:

Ընկերության տվյալների համաձայն, բազմաթիվ ֆաբրիկաներում հիգիենայի կանոններն ընդհանրապես չեն գործում: Սննդի արտադրության մեջ ներգրավված մարդիկ նույնիսկ ձեռնոց չեն հագնում:

Vesti-ի փոխանցմամբ, լաբորատոր հետազոտությունները նաեւ ցույց են տվել, որ մթերքների մեծ մասում գերազանցված է հակաբիոտիկների, ծանր մետաղների, մանրէների եւ վիրուսների պարունակությունը, որոնք կարող են տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ:

Զանգվածային խախտումների հետ կապված վերջին տարիներին Չինաստանը բախվում է սնունդ արտադրողների շուրջ սկանդալների շարքի: Վերջին միջադեպի կենտրոնում է հայտնվել, օրինակ, Shanghai Husi Food ընկերությունը, որը ժամկետանց միս էր մատակարարել ամերիկյան McDonald’s, Starbucks, KFC եւ Pizza Hut ցանցերին: