ՀՀ Հանրային խորհրդում, հունվարի 16-ին, տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանության եւ դրա հետեւանքով հանրության շրջանում ստեղծված լարվածության վերաբերյալ:

Հանրային խորհրդից հայտնում են, որ ներկաները մեկ անգամ եւս դատապարտել են տեղի ունեցածան մարդկային ոճրագործությունը եւ ընդգծել, որ հանցագործության բացահայտման եւ մեղավորին կամ մեղավորներին օրենքի ողջ խստությամբ պատժելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից եւ միջազգային պարտավորություններից բխող, արդար եւ թափանցիկ իրավական գործընթաց:

Խորհրդի անդամները կարծիք են հայտնել, որ հանրության շրջանում դեպքի հետ կապված լարվածության խորացման հիմնական գործոններից է հանցագործության դրդապատճառների եւ ընդհանրապես,  գործի քննության ընթացքի վերաբերյալ տեղեկատվության անբավարարությունը, ինչն էլ տարբեր ենթադրությունների տեղիք է տալիս եւ ստեղծում անվստահության մթնոլորտ:

Ընդգծվել է, որ քննության մեջ ներգրավված մարմինները, տեղեկատվության գաղտնիությունը պահպանելով հանդերձ, պետք է պարբերաբար հանդես գան տեղեկատվությամբ, իսկ քաղաքացիական հասարակությանը պետք է լինի հանդարտ ու սթափ եւ կարողանա իր հերթին ակտիվորեն վերահսկել ողջ գործընթացը:   

ՀԽ անդամները քննարկել են նաեւ այդ դեպքի հիման վրա համապատասխան եզրահանգումներ անելու եւ ապագայում նմանատիպ դեպքերը կանխարգելելու նպատակով որոշակի գործողություններ իրականացնելու անհրաժեշտությունը: