Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ եղած հակամարտությունը հիմնված է վախի վրա եւ այն պետք է հաղթահարել: Հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց թուրքական ծագում ունեցող, սակայն Գերմանիայում ծնված եւ այնտեղ էլ բնակվող հայտնի կինոռեժիսոր Ֆաթիհ Աքինը:
«Իմ կարծիքով՝ կինոն այն ուժն է, որը կարող է հաղթահարել այդ վախը, ինչպես ժամանակին ռոքնռոլը կարողացավ շատ արգելքներ հաղթահարել: Ռայներ Վեռներ Ֆասբինդերն ունի մի ֆիլմ` «Վախը խժռում է հոգին»: Իմ հայրենիքում` Թուրքիայում էլ վախից դրդված շատ հոգիներ են խժռվել»,-նշեց կինոռեժիսորը` հավելելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար պետք է հաղթահարել վախը:
«Խորապես համոզված եմ, որ կգա ժամանակ եւ այդ վախը կհաղթահարենք ու խնդիրները կլուծենք: Հուսով եմ` ես նույնպես դա կտեսնեմ»,-ասաց ռեժիսորը:
Նշենք, որ Ֆաթիհ Աքինը Հայաստանում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում: Այսօր ցուցադրվելու է նրա «Հոգու խոհանոց» ֆիլմը, որը նկարահանվել է 2009 թվականին՝ Գերմանիայում:


























