Գյումրիում սպանված ընտանիքի միակ ողջ մնացած անդամին՝ 6 ամսական Սերյոժա Ավետիսյանին կխնամեն նրա հարազատները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ավետիսյանների ընտանիքի կնոջ՝ Հասմիկի հորեղբոր որդին՝ Արտյոմ Պետրոսյանը, ով նաեւ ընտանիքի քավորն է:
Նա նշեց, որ Սերյոժան երկու հորաքույր, երեք քեռի, մորաքույր ունի, նրան կպահի Երեւանում ապրող հորաքույրը մյուս հորաքրոջ աջակցությամբ: Նա խնդրեց տարաբնույթ մեկնաբանություններ չանել, Սերյոժայի համար ընտանիք չփնտրել, զանազան դրամահավաքներ չկազմակերպել, երկուշաբթի Գյումրիի քաղաքապետարանը կբացի համապատասխան հաշվեհամար, որին կարող են գումար փոխանցել բոլոր ցանկացողները:
Արտյոմ Պետրոսյանը պատմեց, որ Ավետիսյանները շատ բարի, ազնիվ մարդիկ էին, կյանքում որեւէ մեկին վատություն չեն արել, ոչ մի թշնամի չեն ունեցել, ապրել են իրենց հալալ քրտինքով վաստակած գումարով: Հայր ու որդի Ավետիսյանները հայտնի արհեստավորներ էին, 1988թ երկրաշարժից հետո հայրը մեկնել էր արտագնա աշխատանքի, որդին վերջերս էր մեկնել: Նա սեպտեմբերին գնացել էր եւ աշխատում էր Նովոսիբիրսկում, հայրը՝ Ռոստովում, վերադարձել էին դեկտեմբերի 17-ին, պատրաստվում էր նորից մեկնել: Ընտանիքի քավորն ասաց, որ ապրում էին սովորական կյանքով, «տոկոսների տակ էին, ոսկեղենն էլ բանկում է, պետք է հանենք»: Նա հիշեց, որ ուրախ Ամանոր են անցկացրել, իր հայրը հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան օրը, եկեղեցուց ջուր էր վերցրել, տարել իրենց տուն, երկար նստել, խոսել էին:
Ավետիսյանները հաճախ դարպասը չէին փակում քնելիս, երեւի մտքներով երբեք չի անցել, որ մեկնումեկը իրենց կցանկանա վնաս տալ: Ազգականը պատմեց, որ Ավետիսյանների որդին երկու օր առաջ էր դուռ գնել, որպեսզի Հին Նոր տարուց հետո փոխի փայտյա դուռը, բայց չէր հասցրել, բակում դրված էր, «էն էլ իրենց դուռը գերեզմանոցում փոխվեց »: Նա նշեց, որ Սերյոժայի հորեղբոր աղջիկը նույն բակում է ապրել, ձայն է լսել, շալը գցել վրան, դուրս եկել, տեսել լույսերը անջատված են, նորից ներս գնացել: Արդյոք ծանոթ են եղել Ավետիսյանները Պերմյակովի հետ, առհասարակ հնարավոր է ռուս զինվորականների հետ կապ են ունեցել, օգնել են, ճանաչել են, Արտյոմ Պետրոսյանն ասաց հետեւյալը. «Մենք ինչ գիտենք, տնից մի հոգի որ սաղ լիներ, գոնե կիմանայինք, հեչ բան չգիտենք: Մենք էլ ենք ուզում իմանալ, թե էդ ռուսը իրենց որտեղից կճանաչեր, որտեղից եկավ, մտավ այդ տունը, ինչ եղավ: Ես հեչ բան չգիտեմ, դրա համար չեմ կարող ասել: Որ մտնեին, մի բան տանեին, կասենք՝ գողություն են ուզել անել, բայց ոսկեղենը վրներն է եղել, մենակ հորեղբորս աղջկա հեռախոսը չկա, աբսուրդ է, որ վրեժ ուզենային լուծել, իրենք ոչ մեկին բան չեն արել, մենք էլ ենք շշմած»,-ասաց նա:
Ավետիսյաններին հայտնաբերել է տանտիրուհու քույրը: Նա գնացել է աղբը թափելու, այնուհետեւ սովորության համաձայն գնացել սուրճ խմելու, սակայն ականատես է եղել սահմռկեցուցիչ տեսարանի՝ հարազատները սպանված անկողիններում, ամեն մեկին մի քանի անգամ էին կրակել, ամենաշատը հարսին՝ Արաքսյային, ում գրկում էլ եղել է երեխան:
Ավետիսյանները պահանջելու են արդար դատավարություն եւ շեշտում են, որ Վալերի Պերմյակովը պետք է մահապատիժ տան: «Էդ Պերյակովը ձեռս ընկներ, լիմա-լիմա կկտրտեի, աղ լցնեի վրան, մրմռացնեի, վերջում էլ վառեի, որ էդ սիրուն, համետս, բարի ընտանիքին ոչնչացրեց»,-ասաց ազգականը:
Արտյոմ Պետրոսյանը տեղեկացրեց, որ այժմ քննարկում են Ավետիսյանների տան հարցը, նրանք չեն ցանկանում նորից մտնել այդ տուն, ցանկանում են դա տալ քաղաքապետարանին, փոխարենը իրենց ուրիշ տեղ տուն տան:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց:
Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվեց նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:
ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:




























