Վանաձորում 2013թ.-ի հոկտեմբերի 12-ին դանակահարության պատճառով մահացած 15-ամյա Դավիթ Հովակիմյանի գործով կալանավորված՝ Լոռու մարզի գլխավոր վիրաբույժ Վլադիմիր Ղուկասյանի գործով ավարտվել է վկաների եւ տուժողի իրավահաջորդի հարցաքննությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց մեղադրյալի փաստաբան Ռուբեն Հակոբյանը:
Փաստաբանը հայտնեց, որ տուժողի իրավահաջորդի իր ցուցմունքում նշել է, որ հավատում է կրկնակի փորձաքննության արդյունքներով, որի համաձայն՝ Վլադիմիր Ղուկասյանը կարող էր փրկել 15-ամյա տղայի կյանքը:
«Հունվարի 29-ին նշանակված նիստին արդեն հրավիրվելու են Սկզբնական եւ Կրկնակի հանձնաժողովային փորձաքննությունների հանձնաժողովների նախագահները, որոնց ներկայությամբ էլ ուսումնասիրվելու են փորձաքննությունների եզրակացությունները»,- նշեց Ռուբեն Հակոբյանը:
Նշենք, որ Վլադիմիր Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ որպես բժիշկ-վիրաբույժ, իր մասնագիտական պարտականությունները դրանց նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով կատարել է ոչ պատշաճ եւ անզգուշությամբ առաջացրել բուժվող հիվանդ Դավիթ Հովակիմյանի:
Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության՝ 2013թ. հոկտեմբերի 12-ին, ժամը 19.35-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի բնակիչ, 15-ամյա Դավիթ Հովակիմյանը՝ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ: Նույն օրը ժամը 22.00-ի սահմաններում Դ. Հովակիմյանը հիվանդանոցում մահացել է: Հոկտեմբերի 13-ին, ժամը 01.50-ին սպանությունը կատարելու կասկածանքով իր բնակարանից բերման է ենթարկվել 1991թ. ծնված, նախկինում դատապարտված Կարեն Կ.-ն՝ «Քուրդ» մականունով: Պարզվել է, որ նա հոկտեմբերի 12-ին ժամը 19.20-ի սահմաններում Վանաձորի Կ. Դեմիրճյան փողոցի հարեւանությամբ գտնվող այգում, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է Դ. Հովակիմյանին, որից հետո վերջինս հիվանդանոցում մահացել է: Գործն արդեն դատարանում է: Նշենք, որ Դավիթը Վանաձոր էր մեկնել՝ հանդբոլի Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու համար:




























