Charlie Hebdo-ի թարմ թողարկման տպաքանակը ավելացվել է մինչեւ 7 մլն օրինակ, հաղորդում է ֆրանսիական երգիծական շաբաթաթերթի խմբագրությունը:
Ահաբեկչությունից հետո վաճառքի հանված առաջին համարի շուրջ իրարանցումը երեք օր շարունակ չի հանդարտվում. միայն առաջին երկու օրերը վաճառվել է ավելի քան 1 մլն օրինակ:
Ի սկզբանե ծրագրվել է նոր համարը թողարկել 1 մլն տպաքանակով: Այնուհետեւ այն մեծացրել են մինչեւ 3 մլն օրինակ, իսկ հետո՝ 5 մլն: Պարբերականի սովորական տպաքանակը կազմում է 60 հազար օրինակ, ընդ որում, վաճառվում է կեսից ավելի քիչ:
Ֆրանսիական լրատվամիջոցների գնահատականներով՝ այդ համարի վաճառքն արդեն պարբերականին առնվազն 10 մլն եվրո է բերել:
Հիշեցնենք, որ հունվարի 7-ին ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրության վրա հարձակում է իրականացվել: Գրոհի արդյունքում 12 մարդ զոհվել է, այդ թվում՝ պարբերականի գլխավոր խմբագիր Ստեֆան Շարբոնիեն: Հունվարի 9-ին անհայտ անձինք զավթել էին Փարիզում գտնվող խանութն ու տպարանը: Քուաշի եղբայրները մեկ պատանդ են վերցրել: Ոստիկաններին հաջողվել է ոչնչացնել եղբայրներին:




























