Միացյալ Թագավորության կրթության պետնախարար Նիկի Մորգանի եւ համալսարանների, գիտության եւ քաղաքների գծով նախարար Գրեգ Կլարկի հրավերով ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը 2015 թվականի հունվարի 19-ից 21-ը կմասնակցի Լոնդոնում կազմակերպված Կրթության նախարարների համաշխարհային կրթական համաժողովին:
ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Համաժողովի ընթացքում նախատեսվում են 2015 թվականին ընդառաջ կրթության քաղաքականության դերակատարների միջեւ նպատակների, կառավարման համակարգերի վերաբերյալ քննարկումներ: Կրթության համաշխարհային ֆորումի աշխատանքային օրերի ընթացքում կքննարկվեն կրթական համակարգի կարիքների, ռազմավարության, կրթական համակարգերի բարեփոխումների եւ կրթական քաղաքականության իրականացման թեմաները:
Համաժողովին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը կներկայացնի Հայաստանում Բոլոնյան գործընթացի ձեռքբերումները եւ բարեփոխումները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ստանձնած Բոլոնյան քարտուղարության գործունեությունը:
Արմեն Աշոտյանը նաեւ երկկողմ հանդիպումներ կունենա մի շարք երկրների կրթության եւ գիտության նախարարների, ինչպես նաեւ միջազգային կառույցների ղեկավարների հետ:




























