Թուրքիայի հանրապետության կողմից հայրենի բնoրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը եւ հայերի մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին օրենքի նախագիծը նախատեսում է մեր իրավունքների ճանաչում եւ հետապնդում: Այս մասին այսօր` հունվարի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Այս օրենքը պետք է լինի մեր արտաքին դիվանագիտության եւ ազգային անվտանգության հայեցակարգի բաղադրիչներից մեկը, որը վերջին 25 տարիներին մենք չենք բարձրացրել: Իհարկե, մենք ունեցել ենք մի քանի իրավական ակտեր, որոնք անդրադարձել են Ցեղասպանությանը, սակայն մենք պետք է վերացնենք Ցեղասպանության հետեւանքները, այսինքն մեր հայրենիքը վերադարձնենք»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Նրա խոսքով` եթե նույնիսկ խմբակցությունները դեմ քվեարկեն, այս նախագիծը պետք է մնա հայ ժողովրդի օրակարգում. «Թե մենք ով ենք, գիտենք, բայց այս խնդրին պետք է տալ պաշտոնական ընթացք»:

Նշենք, որ Զարուհի Փոստանջյանը օրենքի նախագիծը շրջանառության մեջ է դրել հունվարի 12-ին: