Կեսգիշերից հետո գործելու իրավունքից զրկվել է հանգստի եւ զվարճանքի 39 օբյեկտ: Այս մասին նշվել է այսօր՝ հունվարի 19-ին, Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բազմաբնակարան բնակելի շենքերի տարածքում գործող զվարճանքի օբյեկտների աշխատանքի հետ կապված՝ հանձնարարել է ուսումնասիրել քաղաքացիների կողմից ստացված դիմում-բողոքներն ու, ըստ այդմ, համապատասխան քայլեր ձեռնարկել տվյալ օբյեկտների ժամը 24:00-ից հետո գործունեության թույլտվության տրամադրման կամ դրա դադարեցման ուղղությամբ:
«Ստեղծեք աշխատանքային խումբ եւ ուսումնասիրեք նախորդ տարվա բողոքները: Հիշեցնեմ, որ վերջին երկու տարվա ընթացքում, հաշվի առնելով մեր համաքաղաքացիներին պատճառվող անհարմարությունները, կեսգիշերից հետո գործունեություն ծավալելու իրավունքից մենք զրկել ենք նմանատիպ 39 օբյեկտի: Նաեւ տեղեկացնեմ, որ մեր կողմից մշակվել եւ ներկայացվել է օրենքի նոր նախագիծ, որով կարգելվի զվարճանքի օբյեկտների տեղակայումը բազմաբնակարան բնակելի շենքերի տարածքներում», - ընդգծել է քաղաքապետը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաեւ քայլեր ձեռնարկել քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում ավագանու նիստերի առցանց հեռարձակումն ապահովելու ուղղությամբ:




























