Չնախատեսված վայրերում կենցաղային եւ շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների մասով նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 71 վարչական արձանագրություն: Ասյ մասին նշվել է այսօր՝ հունվարի 19-ին, Երեւանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ:
«Ոչ սահմանված վայրերում աղբը թափելու երեւույթի դեմ պայքարն իրական արդյունք կունենա, երբ այն դառնա միասնական մոտեցում բոլորիս կողմից: Այս աշխատանքը միայն քաղաքապետարանի եւ վարչական շրջանների պատասխանատուների ուսերին չէ, որ պետք է լինի: Երեւանը բոլորիս մեծ տունն է, եւ մեզնից յուրաքանչյուրն իր մասով ունի պարտավորություն քաղաքի նկատմամբ եւ պետք է աջակցի մայրաքաղաքն ավելի մաքուր պահելու գործընթացին: Նախորդ տարեվերջին իրականացված խիստ հսկողության ու նաեւ արձանագրված դեպքերի հրապարակմամբ որոշակի փոփոխություններ ունեցանք այս մասով: Ուստի համոզված եմ, որ շարունակելով այդ մոտեցումը՝ կունենանք ավելի շոշափելի արդյունքներ: Այս աշխատանքներում ակնկալում ենք նաեւ ավագանու անդամների եւ մեր համաքաղաքացիների ակտիվ մասնակցությունը», - հատկանշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:




























