Գյումրիում ոստիկանական ուժերի կենտրոնացում չկա, լրացուցիչ ուժերի անհրաժեշտություն նույնպես։ Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, Շիրակի մարզային ոստիկանությունում կայացած խորհրդակցությունից հետ լրագրողներին ասաց ՀՀ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը։
Այսօր ոստիկանական լրացուցիչ ստորաբաժանումների Գյումրի մեկնելը փոխոստիկանապետը բացատրեց ընդամենը այնտեղ գտնվող ուժերին փոխարինելու անհրաժեշտությամբ։
«Մենք մի շաբաթ է՝ գտնվում ենք Գյումրիում։ Քանի որ այսօր երկուշաբթի է, նոր վերակարգ է եկել՝ փոխարինելու հնին»,- ասաց Սամվել Հովհաննիսյանը։
Նա նաեւ շնորհակալություն հայտնեց գյումրեցիներին՝ ոստիկանության բոլոր կոչերին ըմբռնումով մոտենալու համար եւ նշեց, որ Ավետիսյանների ընտանիքի 7-րդ անդամի՝ Սերյոժայի մահվան կապակցությամբ եկեղեցու տարածքում իրենք հսկողություն կիրականացնեն։
Այս պահին ոստիկանական հսկողության տակ են Գյումրիում ՌԴ հյուպատոսարանը, 8-րդ զինվորական թաղամասը եւ ռուսական ռազմաբազայի հարող տարածքը։
Նշենք, որ Շիրակի մարզային ոստիկանությունում կայացած խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գապարյան, ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին։
Գործի քննության մասին որեւէ մանրամասն փոխոստիկանապետը չի ներկայացրել՝ ասելով, որ նախաքննություն է ընթանում։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց, սակայն դեպքից 7 օր անց հիվանդանոցում մահացել է նաեւ նա:
Այս գործով նույն օրը, կեսգիշերին մոտ ձերբակալվել է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել եւ մեղադրանք են առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:
ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:




























