Չնայած առանձին կարճաժամկետ հաջողություններին, դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու թուլացման միտումը պահպանվում է: Այսպես, հունվարի 19-ի դրությամբ դոլարի անվանական փոխարժեքը Ռուսաստանում հասել է 65,1738 ռուբլու՝ բարձրանալով 0,3401 ռուբլով: Տարեկան կտրվածքով ՌԴ-ում դոլարն ամրապնդվել է գրեթե 2 անգամ:
Հիմա հապճեպորեն ռուբլու ամրապնդման եւ դրա անկման հետեւանքների վերացման միջոցառումներ են ձեռնարկվում: Եթե երկրի վարկային վարկանիշն ավելի շատ նվազի, ապա չի բացառվում Ռուսաստանի կառավարության կողմից կորպորատիվ արժեթղթերի գնման հնարավորությունը: Այդ դեպքում կրկին ռուսական խոշորագույն ընկերությունների ազգայնացման գործընթաց կսկսվի, որը մեկնարկել էր 2008 թվականից, համաշխարհային տնտեսական ճգնաժամի տարիներին:
Ռուսաստանում պետությունը երկրի մի շարք առեւտրային առաջատար ընկերությունների վերահսկիչ կամ խոշոր փաթեթների սեփականատերն է: Դրանց թվում է նաեւ «Գազպրոմ»-ը, որն անցյալ տարի Հայաստանի կատավարությունից գնեց արդեն նախկին «Հայռուսգազարդի» (ներկայում՝ «Գազպրոմ Արմենիա») բաժնետոմսերի վերջին 20%-ը:
Երկրորդ քայլը կապված է դաշնային բյուջեի հնարավոր շտկումների հետ, որում ներկայացված նավթի գինը բացարձակապես չի համապատասխանում ներկա իրականությանը: Ենթադրվում է, որ դաշնային բյուջեից ծախսերը կկրճատվեն 1.5 տրլն ռուբլով (ներկա փոխարժեքով՝ շուրջ 23 մլրդ դոլար):
Մեկ այլ՝ ոչ շատ տարածված միջոց էլ կապված է Ռուսաստանի Կենտրոնական բանկի չափազանց բարձր առանցքային տոկոսադրույքի հետ. տարեկան 17%: Որոշ գնահատականների համաձայն, մարտ-ապրիլին Ռուսաստանում գնաճը կարող է հասնել գագաթնակետին՝ տարեկան կտրվածքով 15-17%-ի: Հասկանալի է, որ այդ դեպքում տարեկան 17%-ի իրական տոկոսները հավասարվում են զրոյի: Իսկ եթե գնաճը գերազանցի նաեւ այդ ցուցանիշը, ապա տարեկան իրական տոկոսներն արդեն բացասական նշանակություն ձեռք կբերեն:




























