Ուկրաինային ռուսական գազը երկու տարի անց հարկավոր չի լինի , վստահություն է հայտնել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ Ցյուրիխի համալսարանին կից Եվրոպայի ինստիտուտում ելույթ ունենալիս:

«Ես վստահ եմ, որ երկու տարի անց մեզ ընդհանրապես պետք չի լինի ռուսական գազը: Սա մեր երկրի էներգետիկ անկախության համար շատ կարեւոր գործոն է», - նրա խոսքերն է փոխանցում  «Ուկրինֆորմը»:

Պորոշենկոն կարծում է, որ Եվրոպան միայն կշահի Ուկրաինայի ԵՄ մտնելուց, իսկ Եվրոպայի եւ Ուկրաինայի ապագաները անխզելիորեն փոխկապակցված են, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Պորոշենկոն նշել է, որ «ողջ Եվրոպան պետք է միավորվի»:

«Միայն միասին դեմոկրատական ազգերը կարող են պաշտպանել ազատությունը՝ մարդկության ներկայիս եւ հաջորդ սերունդների համար: Արժեքները չեն վաճառվում, մենք պետք է անենք ամեն ինչ՝ դրանք պաշտպանելու համար», - ասել է նա:

Հունվարի 15-ին  «Գազպրոմ»-ից հայտարարել էին, որ Ուկրաինան երեք անգամ կրճատել է ռուսական գազի ներկրումը: