Իրենց աշխատավարձային պարտքերը պահանջող՝ «Նաիրիտ» գործարանի մի քանի տասնյակ աշխատակիցներ այսօր՝ հունվարի 20-ին, կրկին հավաքվել են Նախագահական նստավայրի մոտ:
Աշխատակիցներին, որոնց թիվը գնալով ավելանում է, մոտեցավ Նախագահական նստավայրի դիմում-նամակների բաժնի աշխատակիցը եւ խոստացավ որոշ ժամանակ անց ընդունել նրանց:
Հավաքվածները NEWS.am-ի հետ զրույցում ասացին, որ իրենց խոստացել էին հունվարին վճարել դեկտեմբերի աշխատավարձը, սակայն դեռեւս չեն վճարել:
«Մենք մեր պահանջն ենք այսօր այստեղ ներկայացնում, այստեղ ժողովուրդը չի հավաքվել՝ անշնորհքություն, ծեծ ու ջարդ անելու: Մեր պահանջն է մեր աշխատավարձը ստանալն է, մեր արդար քրտինքը: Մեր աշխատավարձը, որը պետք է վճարեին ու մենակ դեկտեմբերինը, դեռ չկա, մինչդեռ արդեն պետք է նստած լիներ: Ուրբաթ օրվանից փոխանցված է, բայց դեռ չի նստել, հույս էլ չկա: Էս քյասիբ ժողովրդի համար մի կոպեկն էլ արժեք ունի»,- ասաց Ազատ Գրիգորյանը:
Նշենք, որ հունվարի 16-ին «Նաիրիտի» աշխատակիցները հետաձգել էին երթը դեի Նախագահական նստավայր՝ Գյումրիում տեղի ունեցած ողբերգության պատճառով:
Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների՝ 18 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են Կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:




























