Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասն իր եւ Լիտվայի Հանրապետության իշխանությունների անունից ցավակցություն եւ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին Գյումրիում կատարված ողբերգության կապակցությամբ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, այսօր՝ հունվարի 20-ին, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են առաջիկայում Լիտվայի արդարադատության նախարար Յուոզաս Բեռնատոնիսի Հայաստան կատարելիք այցին առնչվող որոշ մանրամասներ, հստակեցրել օրակարգային մի շարք հարցեր:
Հանդիպման ավարտին ՀՀ արդարադատության նախարարը նշել է, որ Լիտվան, ինչպես նաեւ Եվրամիության երկրները կարեւոր գործընկեր են Հայաստանի համար, եւ ՀՀ կառավարությունը պատրաստ է շարունակական համագործակցության:
Դեսպանը նույնպես արդյունավետ է համարել հայ-լիտվական համագործակցությունը՝ նշելով, որ երկու երկրների միջեւ ձեւավորված գործընկերային մշակույթը միջազգային հարաբերությունների հաջողված օրինակներից է:




























