Թուրքիայի չորս նահանգներում մեկնարկել է երկրի ղեկավարության ներկայացուցիչների հեռախոսային բանակցությունների ապօրինի գաղտնալսումների գործով կասկածյալների ձերբակալության գործողությունը: Ինչպես հաղորդում է տեղական հեռուստատեսությունը, ներկայումս ձերբակալված են 28 կասկածյալներից 19-ը:

Դատախազությունը հեռահաղորդակցության եւ կապերի վարչության 22 եւ Գիտական ու տեխնոլոգիական հետազոտությունների թուրքական խորհրդի 6 աշխատակիցների ձերբակալության թույլտվություն է ստացել: Այդ անձինք կարող են ներգրավված լինել 2014թ. գարնանը մեծ իրարանցում առաջացրած ապօրինի գաղտնալսումների գործում:

Իշխանությունների գաղտնալսումների հետ կապված միջադեպը կապում են պետական իշխանության օրգանների ներսում «զուգահեռ կառույցի» գործունեության հետ: Դա մարդկանց որոշակի շրջան է, ովքեր նպատակ են հետապնդում ընդդիմության միջոցով խարխլել հանրապետության ղեկավարության հիմքերը եւ պառակտում մտցնել իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունում: Ենթադրվում է, որ այդ «պետության մեջ պետության» ղեկավարը ԱՄՆ-ում բնակվող ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենն է: