Իրենց աշխատավարձային պարտքերը պահանջող՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները հունվարի 22-ից սկսած ամեն օր բողոքի ակցիաներ կանցկացնեն նախագահական նստավայրի մոտ: Հարյուրավոր նաիրիտցիները, որոնք այսօր՝ հունվարի 20-ին, Բաղրամյան 26-ի մոտ էին, որոշեցին վաղը բողոքի ակցիա չանցկացնել ու ժողովրդի հետ սգալ գյումրեցի սպանված ընտանիքի կրտսեր անդամի՝ 6 ամսական Սերյոժայի համար, որին վաղը կհուղարկավորեն:
«Ճիշտ է, մեր աշխատավարձի կարիքը մենք շատ ունենք, փողի կարիք ունենք, պարտքերի մեջ թաղված ենք, բայց բերեք ենթարկվենք ընդհանուր հայ ժողովրդին, որը սգալու է այդ երեխայի մահվան համար»,- հավաքվածներին դիմեց գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադեւոսյանը, որը եւս 3 ներկայացուցիչների հետ քիչ առաջ էր դուրս եկել ՀՀ նախագահի նամակների և քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Աիդա Ասատրյանի հետ հանդիպումից:
Հրաչ Թադեւոսյանը նաիրիտցիներին տեղեկացրեց, որ հանդիպման ժամանակ իրենք եւս մեկ անգամ ներկայացրել են իրենց պահանջը, մինչեւ փետրվարի 6-ը ժամանակ տվել, որպեսզի վճարեն իրենք աշխատավարձերի գոնե 30%-ը եւ հստակ ժամանակացույց սահմանեն մյուս մասը վճարելու վերաբերյալ:
«Հանդիպման ժամանակ մենք նշեցինք ուղիները, որոնցով Կառավարությունը կարող է վճարել մեր աշխատավարձերը: «Նաիրիտ» գործարանին որոշ կազմակերպություններ պարտք են մոտ 5 միլիարդ դրամ: Իսկ այդ գումարը մեր պարտքերի մոտ 80%-ն է: Միայն «Նաիրիտ 2»-ը 4 միլիարդ 180 միլիոն պարտք է «Նաիրիտին»»,- ասաց Հրաչ Թադեւոսյանը՝ նշելով, որ իրենց խոստացել են մինչեւ օրվա վերջ պահանջները փոխանցել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարին:
Նաիրիտցիներն այսքանով ավարտեցին այսօրվա բողոքի ակցիան:
Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների՝ 18 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են Կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:




























