Շրջանառության հարկը կխորացնի Հայաստանի ջերմոցային տնտեսությունների՝ առանց այն էլ դժվարին իրավիճակը: Այս մասին ասված է նամակում, որը հանրապետության Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիան օրերս ուղարկել է ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին:
Ջերմոցատերերին անհանգստացնում են 2014 թվականի հունիսի 21-ին ընդունված «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունները: Խմբագրված 4-րդ հոդվածի համաձայն, 2015 թվականի հունվարի 1-ից գյուղատնտեսական ապրանքներ արտադրողներն այլեւս չեն ազատվում այս հարկից: Չնայած այն համեմատաբար մեծ չէ՝ 3.5%, բայց, ըստ նամակի հեղինակների, հաշվի առնելով 2013 թվականին գազի սակագնի թանկացումը, ջերմոցային ոլորտի եկամտաբերությունը հավասարվել է գրեթե զրոյի:
«Խնդրում ենք պարզաբանել, թե ինչ նկատառումներից ելնելով է ընդունել այդ փոփոխությունը, որը կսրի ջերմոցատերերի՝ առանց այն էլ դժվարին ֆինանսական դրությունը, ինչպես նաեւ քննարկում կազմակերպել մեր ոլորտի ընկերությունների հետ, որտեղ մենք պատրաստ ենք ամբողջ պատասխանատվությամբ հիմնավորել մեր փաստարկները»,- ասված է նամակում:




























