Հայ մեքենաշինարարները կուժեղացնեն կապերը ԵՏՄ գործընկերների հետ: Այս մասին հունվարի 20-ին լրագրողներին ասել է Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության նախագահ, Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Ըստ նրա՝ հունվարի վերջից Հայաստանը կմիանա ԵՏՄ Մեքենաշինության զարգացման համակարգող խորհրդին:
Դիտորդներից Հայաստանը՝ ի դեմս Հայրենական ապրանք արտադրողների միության, կանցնի լիիրավ անդամի կարգավիճակի: «Այնտեղ մենք կշարունակենք ԵՏՄ գործընկերների հետ քննարկել մեր արդյունաբերական ձեռնարկությունների համար արդիական հարցեր եւ համագործակցության ուղիներ փնտրել», - հավելել է Սաֆարյանը:
Միության մյուս ծրագիրն է անհրաժեշտ մասնագիտությունների համար ուսումնարան ստեղծելը՝ խառատներ, փականագործներ, եռակցողներ: Խնդիրն այնքանով է սուր, որ հանրապետության սակավաթիվ գործարաններում աշխատողները թոշակառու են: «Գործող վարչապետին մենք դեռ չենք հանդիպել: Հույս ունենք նրան առաջարկել այս ծրագիրը», - նշել է Սաֆարյանը: Միությունը ակնկալում է նաեւ նոր մասնագետների նախապատրաստման հարցում շահագրգիռ ձեռնարկությունների մասնակցությունը:




























