Եվրամիությունը որոշեց մեր երկրի ֆինանսավորման հարցում ցուցադրել իր սկզբունքներին հավատարմությունը: Այս անգամ հին եւ բարի Եվրոպան մեզ 77.5 մլն եվրո տրամադրեց: Այդ գումարից 25 մլն եվրոն նախատեսված է գյուղատնտեսության համար (որպես վերջնական նպատակ ունենալով աղքատության կրճատումը), ու եւս 21 մլն եվրո՝ «հակակոռուպցիոն ծրագրի եւ քաղաքացիական ծառայության բարեփոխման» համար: Ֆինանսական միջոցների մյուս մասը կծախսվի այլ նպատակների համար:
Մեզ մնում է միայն ուրախանալ, որ դա «օգնություն» է, ոչ թե վարկ: Չէ՞ որ հաջորդող տարիներին ստիպված կլինենք վճարել: Նշենք, որ 2005 թվականից մինչեւ անցյալ տարվա նոյեմբերն ընկած ժամանակահատվածում Հայաստանի արտաքին պարտքն աճել է գրեթե 3.4 անգամ՝ հասնելով 3.7 մլրդ դոլարի: Տրամաբանական կլիներ համարժեք արդյունք սպասել մեր երկրի տնտեսությունում եւ սոցիալական ոլորտում: Հարցի պարզաբանման համար դիտարկենք առանձին ոլորտներ՝ որպես հիմք վերցնելով 2005 թվականը:
Անցյալ տարվա հունվար-նոյեմբերին կոռուպցիոն բնույթի իրավախախտման 528 դեպք է գրանցվել, որը երկու անգամ գերազանցում է 2005 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Իհարկե, կարելի է այդ «առաջընթացը» բացատրել կոռուպցիոն փաստերի բացահայտման մակարդակով: Բայց իզուր չէ, որ կոռուպցիան համեմատում են բազմագլուխ վիշապի հետ. կտրելով մի գլուխը՝ մի քանի այլ գլուխ կաճի: Հասկանալի է, որ բացահայտված փաստերը միայն սառցալեռան գագաթն են՝ ներկայացված մանր չինովնիկներով:
Աղքատության դեմ պայքարում «հաջողությունները» նույնպես ակնհայտ են: Դրա հաղթահարումը, որն իրականացվում է Համաշխարհային բանկի օգնությամբ եւ մեթոդիկայով, թղթի վրա մնաց: Երկրի սոցիալ-տնտեսական անբարենպաստ իրավիճակի հետեւանքներից մեկն էլ, ինչպես հայտնի է, հանցավորությունն է: Անցյալ տարվա հունվար-նոյեմբերին քաղաքացիների անձնական գույքի հափշտակման ավելի քան 5.400 դեպք է արձանագրվել՝ գրեթե 2.2 անգամ գերազանցելով 2005 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Միայն «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով գյուղատնտեսությանը 177 մլն դոլար է ուղղվել: Եվ սա՝ առանց հաշվի առնելու այլ պետությունների օգնությունը, ինչպես նաեւ միջազգային ֆինանսական կառույցների հսկայական վարկերը: Իսկ ինչպիսի՞ն է արդյունքը: Պաշտոնական տվյալներով (որոնց մեր շատ քաղաքացիներ չեն հավատում), 2005-2013 թվականներին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալներն աճել են գրեթե 1.9 անգամ: Բայց այդ դեպքում գյուղմթերքների մանրածախ գները մի քանի անգամ չէին բարձրանա: Նույն ժամանակահատվածում տավարի մսի մանրածախ գինն աճել է 1.7 անգամ, խոզի մսինը՝ 2.0, կարտոֆիլինը՝ 3.2, լոլիկինը՝ նույնպես 3.2, խնձորինը՝ 2.1 անգամ եւ այլն:
Միաժամանակ, գյուղմթերքների նման հսկայական աճը պետք է նպաստեր արտադրանքի ապրանքայնության աստիճանի բարձրացմանը: Բայց այն բարձր է մնում միայն բանջարեղենի, մսի եւ խաղողի մասով: Գյուղատնտեսական հիմնական մյուս մթերքների մասով ապրանքայնության համեստ աճ է գրանցվել. ցորենի 0.7%-ից մինչեւ կաթի 3.5%-ը: Արդյունքում ցորենի ապրանքայնությունը կազմում է 33%-ից քիչ ավելի կաթինը՝ 55%-ից պակաս, ձվինը՝ շուրջ 47%: Այսինքն՝ ֆեոդալական ժամանակների տնտեսություն: Պատահական չէ, որ Ռուսաստանում մեր աշխատանքային միգրանտների մեծ մասը հենց գյուղացիներ են, որոնց եկամուտը ֆերմերային տնտեսություններից չնչին է:




























