Պետք չէ ուշադրություն հատկացնել միայն ռուսական ալմաստին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ալմաստի վերամշակման «Շողակն» ձեռնարկության գլխավոր տնօրեն Սերգեյ Գասպարյանը:
Նոր Հաճն քաղաքում գտնվող «Շողակն» ՓԲԸ-ում 2000-ականներին շուրջ 1800 մարդ էր աշխատում՝ քաղաքի 10.200 բնակչության պարագայում, եւ տարածաշրջանում ոլորտի խոշորագույն գործարանն էր: 2015 թվականին, 6-ամյա դադարից հետո, գործարանը պատրաստվում էկրկին աշխատել: Նշենք, որ 2006-08 թվականներին դրամի փոխարժեքի արհեստական բարձրացումից հետո, Հայաստանում ալմաստի վերամշակման մրցունակությունը կտրուկ նվազեց. ձեռնարկությունների մի մասը փակվեց, մյուսներն էլ կտրուկ նվազեցրին շրջանառությունը:
«Երբեք չի կարելի շեշտը միայն մեկ վաճառողի վրա դնել: Եվ ալմաստի համար ռուսական արտահանման 6.5% տուրքի չեղարկումը դեռեւս չի նշանակում, որ դա կատարյալ տարբերակ է: Ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե մեզ ինչ հումք կառաջարկեն»,- հայտարարեց Գասպարյանը:
Ալմաստ արդյունահանող «ԱԼՌՈՍԱ» կոնցեռնը, ըստ Գասպարյանի, որպես ռուսական ընկերություն, շահեկան հումք է առաջարկում նախ ռուսական վերամշակողներին: Երբ 2000 թվականին իսրայելցի ադամանդի մագնատ Լեւ Լեւաեւը գնեց «Շողակն»-ը, գործարանը նախընտրեց չաշխատել ռուսական հումքով: «Այն մեզ համար շատ թանկ էր: Լեւաեւը Մոսկվայում նույնպես գործարան ուներ: Այնտեղ նրան հումքն առաջարկում էին, պայմանականորեն, 100 դոլարով, իսկ եթե նրանք չէին վերցնում, ապա նույն հումքը Հայաստանում առաջարկում էին արդեն 150 դոլարով»,- պարզաբանեց Գասպարյանը:
Դա չի նշանակում, որ հարկավոր է հրաժարվել «ԱԼՌՈՍԱ»-ի հումքից: Առաջիկայում գործարանը կուսումնասիրի Ռուսաստանից, Նիդեռլանդներից եւ աֆրիկյան երկրներից ստացված առաջարկներ: «Կարեւորը գրագետ կերպով հումք ընտրելն է»,- հավելեց գործարարը:




























