Երեւանում, այսօր՝ հունվարի 20-ին, ժամը 14:00-ին, «Անի Պլազա» հյուրանոցի «Գառնի» սրահում կայացել է «Մեկ դար տեւող ցեղասպանություն. Բաքվի սեւ հունվարը» ֆիլմի շնորհանդեսը:
«Մեկ դար տեւող ցեղասպանություն. Բաքվի սեւ հունվարը» ֆիլմը ստեղծվել է «Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակներում եւ նվիրված է հայերի կոտորածների 25-րդ տարելիցին: Ֆիլմի համար հիմք է ծառայել Բաքվի փախստականների հետ հարցազրույցը, որոնց նկարահանումն անցկացվել է ԱՄՆ-ում՝ նախագծի նկարահանող խմբի կողմից: Ֆիլմում օգտագործվել է հիշատակված վկայությունների մի փոքր մասը: Վկայություններն ամբողջությամբ տպագրվելու են ընթացիկ տարվա ամռանը հրատարակվելիք ժողովածուում:
Ֆիլմի կոնցեպտուալ գաղափարը Օսմանյան կայսրությունում 20-րդ դարասկզբի իրադարձությունների եւ Ադրբեջանում ու Լեռնային Ղարաբաղում հայերի հետ կատարվածի միջեւ անքակտելի կապն է: Փախստականների հուշերը` դարասկզբին Արեւմտյան Հայաստանում կոտորածի ենթարկված նախնիների մասին, վկայում են Ադրբեջանի կողմից Թուրքիայի վարած քաղաքականության որդեգրման եւ հայ ժողովրդի դեմ իրականացված, մի ամբողջ դար ձգվող ցեղասպանության շարունակականության մասին: Փախստականների պատմությունները բացահայտում են նաեւ Բաքվի հայերի ջարդերի մասին մեզ ոչ հայտնի մանրամասներ: Նրանց վկայությունները կասկած անգամ չեն թողնում, որ հայերի նկատմամբ բռնությունն ու սպանությունները Բաքվում սկսվել են Սումգայիթի դեպքերից անմիջապես հետո, իսկ ահա 1990 թվականի հունվարը դարձել է Բաքվի 250 հազար հայերի ցեղասպանության ու վտարման գագաթնակետը:
Վերջին տարիների ընթացքում Հայաստանում առաջին անգամ է պետական մակարդակով նման նախագիծ կյանքի կոչվում: Նպատակը Բաքվի ցեղասպանության դժոխքի միջով անցած եւ օտար երկրում նոր կյանք սկսելու համար իրենց մեջ ուժ գտած ականատեսների վկայությունների պահպանումն է` պատմության համար: Ներկայում ԱՄՆ-ում բնակվում են ավելի քան 55 հազար Բաքվի հայեր, որոնցից շատերը հենց կոտորածներից հետո են իրենց մեջ բացահայտել հայկական ինքնությունը` խորը կապեր զգալով սեփական արմատների հետ եւ դառնալով հայկական համայնքի գործուն անդամներ:
Ֆիլմը թարգմանված է ռուսերեն եւ անգլերեն, նախատեսվում են այլ լեզուներով թարգմանություններ եւս: Բաքվի հայերի ջարդերի 25-րդ տարելիցին նվիրված միջոցառումը, որն ընդգրկում է նշված ֆիլմի ցուցադրությունը, անցկացվելու է ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում:
«Մեկ դար ցեղասպանություն. Բաքվի սեւ հունվարը» ֆիլմը 6-րդն է` «Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակներում ստեղծված ֆիլմերի շարքում: Նախագիծն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: 2009 թվականի նոյեմբերից մեկնարկել է Սումգայիթի, Մարաղայի, «Օղակ» գործողության վերաբերյալ հինգ լեզուներով վավերագրական ֆիլմաշարը, հիմնվել ու գործարկվել է Karabakhrecords կայքը: Հրատարակվել, վերահրատարակվել ու թարգմանվել են մի շարք գրքեր:
Բացի այդ, նախագծի շրջանակներում պատրաստվել են եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) բրոշյուրներ, որոնք ներառում են տեղեկություններ «Սովորական ցեղասպանություն» նախագծում ընդգրկված իրադարձությունների մասին:
Ֆիլմի պրեմիերան կայանալու է հունվարի 20-ին՝ «Արմենիա» հեռուստաընկերության եթերում:



























