Հայաստանի ալմաստի վերամշակման խոշորագույն գործարանը՝ «Շողակն» ՓԲԸ-ն, պատրաստվում է վերսկսել աշխատանքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց գործարանի տնօրեն Սերգեյ Գասպարյանը: Ընկերությունը ծրագրում է տարեկան շուրջ 20 հազար կարատ մշակել:

«2015 թվականի սկզբից ցանկանում ենք վերսկսել արտադրությունը, մինչեւ գարուն շուրջ 300 մարդ կհավաքենք: Մեր սարքավորումների պարկը թույլ է տալիս նաեւ 20 հազարից ավելի մշակել, բայց ավելի լավ է նախապես ցածր շեմից սկսել, իսկ հետո պարզ կլինի»,- պարզաբանեց Գասպարյանը:

Ձեռնարկությունը փոխել է սեփականատիրոջը. իսրայելցի միլիարդատեր Լեւ Լեւաեւը՝ ալմաստի վերամշակման ոլորտում աշխարհի խոշորագույն ձեռնարկատերը, հայկական բիզնեսը վաճառել է այլ տիրոջ, նույնպես օտարերկրյա: Նոր բաժնետերերին Գասպարյանը չցանկացավ նշել:

Նա հավելեց, որ կադրերի հետ կապված խնդիր չկա. մինչեւ 2008-2009 թվականները գործարանում շուրջ 1800 մարդ է աշխատել, ընդ որում, Նոր Հաճն քաղաքում, որտեղ տեղակայված է գործարանը, 10 հազարից քիչ ավելի մարդ է բնակվում: Շատ վարպետներ մեկնել են՝ մասնագիտությամբ աշխատանք գտնելու համար: Սակայն Հայաստանից նրանց տեղեկություններն արդեն հասել են, որ գործարանը վերանորոգվում է եւ պատրաստվում է գործարկման: «Մարդիկ հիշում են, որ մենք խոշոր ձեռնարկություն ենք եղել, լավ ենք վարձատրել եւ կայուն, այդ պատճառով վստահություն, փառք Աստծո, ունենք: Պատրաստվում ենք նաեւ ուսումնական կենտրոն բացել՝ երիտասարդ մասնագետներ պատրաստելու համար»,- հավելեց Գասպարյանը:

Հունվարին «Շողակն»-ը կդիտարկի հումքի շուրջ առաջարկները Ռուսաստանից, Աֆրիկայից եւ Նիդեռլանդներից: Գասպարյանի խոսքով, Լեւաեւի պաշտոնավարման տարիներին գործարանը միշտ տոլինգով է աշխատել. գնման եւ վաճառքի պայմանագրերով ստիպված չեն եղել զբաղվել: «Իսկ հիմա պետք է ոչ միայն ալմաստ մշակել, այլեւ կոմերցիոն ունակություններ ձեռք բերել: Բայց կարծում եմ, որ մեզ մոտ կստացվի: Կարեւորը լավ վարպետներ ունենալն է, իսկ այդպիսիք մենք ունենք»,- հավելեց Գասպարյանը: