Մենք լիահույս ենք, որ Գյումրիում տեղի ունեցած ողբերգության քննությունը կավարտվի որքան հնարավոր է շուտ, եւ մեղավորները կպատժվեն՝ օրենքի համապատասխան: Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, Բրյուսելում կայացած ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Գյումրիում տեղի ունեցած ողբերգության հետ կապված. մենք լիահույս ենք, որ քննությունը կավարտվի որքան հնարավոր է շուտ, եւ մեղավորները կպատժվեն՝ օրենքին համապատասխան: Իհարկե, այս սոսկալի հանցագործությունը Հայաստանի հանրային կարծիքում շատ բնական մարդկային վրդովմունք եւ զայրույթ էր առաջացրել»,- ընդգծել է Նալբանդյանը:
Ինչ վերաբերվում է Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններին, Հայաստանի ԱԳ նախարարն ասել է. «Մենք ունենք ամուր, դաշնակցային, ռազմավարական հարաբերություններ Ռուսաստանի հետ եւ շարունակելու ենք համատեղ ջանքերով դրանք առավել ընդլայնել եւ ամրապնդել»:
Նշենք, որ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանին կհուղարկավորեն վաղը՝ հունվարի 21-ին, Շիրակի գերեզմանատանը, որտեղ թաղված են Ավետիսյանների ընտանիքի մյուս 6 անդամները:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիում սպանվել են Ավետիսյանների ընտանիքի 6 անդամները, այդ թվում 1,5 տարեկան դուստրը: 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը: Փոքրիկը մահացել է դեպքից 7 օր անց:




























