Ռուսական ռազմակայանի հրամանատարը պատասխանատու է անձնակազմի համար, սակայն պահանջել ամբողջական պատասխանատվություն նորակոչիկի գործողությունների համար, շատ խիստ մոտեցում է: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին, թե որքանով է անձնական պատասխանատվություն կրում կատարվածի համար ռուսական 102-րդ ռազմակայանի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին:

Նա Անդրեյ Ռուզինսկիին նկարագրեց որպես պատասխանատու հրամանատար: «Հայաստանում ծառայության առաջին օրերից նա իրեն դրսեւորել է որպես լավ ղեկավար, որն առանձնանում է ենթակաների նկատմամբ իր խստությամբ եւ պահանջկոտությամբ»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ներկա հրամանատարի օրոք կարգուկանոնի մակարդակը ռուսական ռազմակայանում բարձրացել է:

ՊՆ խոսնակն ընդգծել է, որ հրամանատարը պատասխանատու է ենթակայի համար՝ անկախ նրանից, թե ինչ է տեղի ունեցել: «Սակայն անհրաժեշտ է հիշել, որ հանցագործության մեջ մեղադրվողը Հայաստան է եկել վերջերս: Հրամանատարը պատասխանատու է ծառայության կազմակերպման, բայց ոչ համալրման համար: Հրամանատարը նոր համալրված կադրերի համար պատասխանատու չէ, հատկապես եթե խոսքը նորակոչիկի մասին է, որը նոր է ծառայության ժամանել Ռուսաստանից»,-ընդգծել է Արծրուն Հովհաննիսյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ դեպքից 7 օր անց մահացել է:

Այս գործով նույն օրը, կեսգիշերին մոտ ձերբակալվել է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել եւ մեղադրանք են առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:

ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է  ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում: