Լոնդոնում ընթացող կրթության նախարարների համաշխարհային համաժողովի շրջանակում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել Համաշխարհային բանկի կրթության ոլորտի գլխավոր տնօրեն Կլաուդիա Քոսթինի եւ Ռուսաստանի Դաշնության կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Վենյամին Կագանովի հետ:

ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Համաշխարհային բանկի կրթության ոլորտի գլխավոր տնօրեն Կլաուդիա Քոսթինը հանդիպման ընթացքում շնորհակալություն է հայտնել ՀՀ կրթության եւ գիտության  նախարարին`մասնակցության հրավերն ընդունելու, համատեղ  ծրագրերը արդյունավետ եւ հետեւողական իրականացնելու համար:

Նա պատրաստակամություն է հայտնել այսուհետ եւս ակտիվ համագործակցելու եւ աջակցելու Հայաստանում կրթության եւ գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումներին:

Իր հերթին նախարար Ա. Աշոտյանը կարեւորելով   երկկողմ համագործակցությունը` համառոտ ներկայացրել է Հայաստանում ՀԲ վարկային ծրագրերով իրականացված միջոցառումների ընթացքը եւ արձանագրված արդյունքները` միաժամանակ ընդգծելով ծրագրերի շարունակականութան ու նոր ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:

«Հայաստանի կառավարությունը եւ կրթության եւ գիտության նախարարությունն ամեն ինչ անում են միջազգային չափանիշներին համապատասխան կրթական համակարգ ձեւավորելու եւ զարգացնելու համար` ինչպես կառուցվածքային, այնպես էլ բովանդակային առումով: Մենք կարիք ունենք համագործակցության հաջողված օրինակների, որոնց հիման վրա կկազմենք ու կիրականացնենք նոր ծրագրեր»,- իր խոսքում նշել է Ա. Աշոտյանը, հավելելով, որ ՀԲ հետ համագործակցությունն այդ համատեքստում հաջողված օրինակներից է:

ՌԴ նախարարի տեղակալի խնդրանքով տեղի ունեցած հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել  երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: