Առանձնապես խոշոր չափերի հերոին Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխելու գործով ամբաստանյալ, ազգությամբ վրացի Ավթանդիլ Մարտիաշվիլին դատապարտվեց 17 տարվա ազատազրկման:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում հունվարի 20-ին պաշտպան Թեյմուրազ Մայսուրաձեն հանդես եկավ պաշտպանական ճառով: Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալի նկատմամբ մեղադրական եզրակացությունը հիմնավորված չի եղել, հակասել է ձեռք բերված ապացույցներին:

«Մեղադրական եզրակացության մեջ հերոինի քանակը սկզբում 927կգ է ներկայացված, մյուսում՝ 850կգ: Այդպես էլ չեմ հասկանում, թե ինչպես են փոփոխություններ կատարվել: Հերոինը հայտնաբերվել է ավտոմեքենայի կցորդի հատակին հարմարեցված թաքստոցում. Ավթանդիլ Մարտիաշվիլին եղել է այդ ավտոմեքենայի վարորդը, որը սակայն տեղյակ չի եղել ոչ թաքստոցի, ոչ էլ հերոինի առկայության մասին»,- ասաց Թեյմուրազ Մայսուրաձեն:

Փաստաբանի խոսքով՝ տարօրինակ է  այն հանգամանքը, որ շուրջ մեկ տոննա, գրեթե մեկ միլիարդ դոլար արժողությամբ հերոին տեսակի թմրամիջոցը Իրանի մաքսատան կողմից չէր հայտնաբերվել, թեեւ  իրանական մաքսակետը տեխնիկապես հագեցած է նորագույն սարքավորումներով, քան Հայաստանինը:

«Կարծում եմ, որ այդ հարցում շահագրգիռ են Իրանի եւ Թուրքիայի իշխանությունները, քանի որ այդ գումարներն իրականում օգտագործում են ահաբեկչական ծրագրեր իրականացնելիս»,- նշեց պաշտպանը:

Թեյմուրազ Մայսուրաձեն իր խոսքում ընդգծեց, որ 66-ամյա ամբաստանյալը շուրջ քսան տարի է՝ Եվրոպայում բեռնափոխադրումներ է իրականացնում եւ երբեւէ որեւէ անօրինական գործարքի մեջ չի մտել:

Ամբաստանյալ Ավթանդիլ Մարտիաշվիլին իր հերթին նշեց, որ իր ամբողջ կյանքի ընթացքում որեւէ հանցավոր արարք թույլ չի տվել: Նա հայտնեց, որ 2014թ.-ին, երբ խոսել է քննիչ Թեւոսյանի հետ, վերջինս ասել է, որ իր դեմ որեւէ ապացույց չկա եւ փորձագետի եզրակացությունից հետո նրան ազատ կարձակեն: Սակայն ավելի ուշ քննիչն ասել է, որ ամբաստանյալի նկատմամբ երկրորդ մեղադրանքն է ներկայացվել: «Ես քննիչին նաեւ հարցրի, թե ինչպես է ստացվել, որ 927 կգ հերոինը դարձել է 850 կգ, քննիչը նշել է, որ քարեր եւ ավազ է հայտնաբերվել թմրանյութի մեջ: Երբ ասացի, թե ինչպես կարող է դա պատահել, երբ այդ պահին թմրանյութը կշռում էին, եւ անվտանգության աշխատակիցներն այնտեղ էին, ես խնդրեցի, որ քննիչն  ինձ փոխանցի փորձաքննության արդյունքները ինձ, բայց նա ասաց, որ դա ինձ չի վերաբերում»,- իր խոսքում նշեց ամբաստանյալը:

Դատական նիստն ընթանում էր թարգմանչի օգնությամբ:  Լսելով կողմերին, վերլուծելով գործի նյութերը՝ դատարանը վճռեց՝ Ավթանդիլ Մարտիաշվիլիին ազատազրկել 17 տարի ժամկետով, իսկ Օսման Ուղուրլունին՝ 19 տարի: Առգրավված թմրանյութը ոչնչացվել է:

Հիշեցնենք, որ Ավթանդիլ Մարտիաշվիլին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Օսման Ուղուրլուի հետ,իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել,տրանսպորտային միջոցի կցորդում պատրաստված հատուկ հարմարեցված թաքստոցում պահել,փոխադրել եւ մաքսային հսկողությունից թաքցնելով ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց:

 Օսման Ուղուրլունին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013թ. սկզբներին պայմանավորվածություն ձեռք բերելով թուրքիայի քաղաքացիներ հանդիսացող եղբայներ` Մուստաֆա եւ Իսմայիլ Նարգեզների հետ,Իրանի Իսլամական Հանրապետությունից թմրամիջոց ձեռք բերելու եւ այն Ուկրաինա ,այնուհետեւ եվրոպական երկրներ տեղափոխելու վերաբերյալ,այդ նպատակով 2013թ. ապրիլի 12-ին Վրաստանում իր անվամբ հիմնադրել եւ գրանցել է «Հովո Լոջիստիք» բեռնափոխադրումային ընկերությունը, ընկերության անվամբ ձեռք բերել «ԴԱՖ» մակնիշի ավտոմեքենան, որտեղ կցորդի հատակային մասում պատրաստվել է հատուկ հարմարեցված թաքստոց:

2013թ. դեկտեմբերին Թբիլիսի քաղաքից ձեռք բերելով տախտակ, իբրեւ թե իրան այդ տախտակը տեղափոխելու պատրվակով, 2013թ. դեկտեմբերի 27-ին Վրաստանից «Բագրատաշեն» մաքսակետով ժամանել է Հայաստան, որտեղից էլ 2013թ. դեկտեմբերի 28-ին «Մեղրիի» մաքսակետով մուտք է գործել Իրանի Իսլամական հանրապետության տարածք: Ավտոմեքենան բեռնաթափելուց եւ կայանատեղում թողելուց հետո Օ.Ուղուրլուն բանալիները տրամադրել է Նարգեզների մատնանշած Նասրի անունով հանդես եկած անձին, որը կցորդի հատուկ հարմարեցված թաքստոցում տեղավորել է 850 կգ, 160գ, 467 մգ քաշով «հերոին» տեսակի թմրամիջոց` 47 փաթեթներում:

2014թ. հունվարի 16-ին մուտք են գործել ՀՀ մաքսային տարածք, սակայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության կողմից ռենտգենյան «Ռապսկան» սարքավորման միջոցով հայտնաբերվել է «օտար մարմնի» առկայությունը: